Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:
Հաշվի առնելով ՀՀ Պարետի' 2020թ. մարտի 31-ի որոշումը' ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
• բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.
• սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.
• անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:
Սահմանափակումներից հետո «Աղավնո», «Խարխափուտ» ու «Կովսական» անցակետերով ավտոմեքենաների շարժը նվազել է մոտ 4 անգամ:
ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:
ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում' նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար, նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ: