Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Հունաստանի Կատերինի քա­ղա­քում 2014թ.-ի հունիսի 25-26-ը մասնակցել է Black Sea LRED-Net ծրագրի համակար­գողների 3-րդ հանդիպմանը: Հանդիպումն անցկացվել է «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործո­ղութ­յուն­ների ծրագրի շրջա­նակում իրականացվող՝ «Տեղական/տարածաշրջանային տնտեսական զարգացման ցան­ցը որպես որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջա­նում մրցակ­ցության խթան­ման հա­մար» (Black Sea L RED-Net) ծրագրի շրջանակում, որը համակարգում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից, հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ծրագ­րի շրջանակներում կատարված ու կատարվելիք աշխատանքներին, ի հայտ եկած խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին, ինչպես նաև քննարկվել են այլ ընթացակարգային հարցեր:

 

Ծրագրի իրականացման վեր­ջին 4 ամիսների ընթացքում գործընկեր կազմակերպություններն իրականացրել են PACA վարժություններ, որոնք շարունակվելու են նաև առաջիկա ամիսներին: Յուրաքանչ­յուր վարժության տևողությունը կազմում է 3 շաբաթ, որի ընթացքում բացահայտվում են տեղական/ տարածաշրջանային մրցակցային առավելություն­ներն ու տնտեսության ներունակ ճյուղերը և մատնանշվում այն նախաձեռնությունները, որոնք հնարավոր է կյանքի կոչել կարճ ժամկետում:

 

Ծրագրի շրջանակներում նախա­տեսվում է մշակել և հրատարակել PACA գրքույկ­ներ, որոնցում կամփոփվեն PACA վարժությունների արդյունքներն ու տվյալ տարածքի տնտեսական առաջընթացին նպաստող նախաձեռնությունները:

 

Արդեն գործում է ծրագրի կայքը՝ http://www.lred-net.org/, որտեղ յուրաքանչյուր գործըն­կերոջ համար առանձնացված էջերում ներկայացված են նրանց իրականացրած աշխատանքները, կազմակերպված միջոցառումները, կոնտակտային տվյալ­ները և այլն:

 

ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության ներքո Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը համակարգում է «Տեղական/տարածաշրջանային տնտեսական զարգացման ցանցը' որպես որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջանում մրցակցության խթանման համար» (Black Sea LRED-Net) երկամյա միջազգային ծրագիրը:

 

Մասնակցում են Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի և Վրաստանի գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարաարդյունաբերական պալատը: