Կառավարության որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության մեջ։
«Գրին ֆարմեր»-ն Արարատի մարզի Երասխ գյուղում նախատեսում է կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ, որոնք համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, այդ թվում՝ հակակարկտային: Ընկերությունը մտադիր է կատարել 1,87 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մինչև 250 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։