«Էրեբունի» բժշկական կենտրոնում հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանի հազատներին և փաստաբան Մարինե Թովմասյանին մտահոգում է, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում պատշաճ ուշադրություն չեն դարձրել բարձր ջերմությամբ իրենց դիմած հղիին, ինչպես նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հրամանով: Լրագրողների հետ հանդիպմանն իրավապաշտպան Մարինե Թովմասյանը նշեց, որ պահպանելով անմեղության կանխվարկածը իրենք դեռևս չեն մեղադրում որևէ մեկին, սակայն բազմաթիվ հարցեր կան, որոնք անհասկանալի են իր և մահացածի հարազատների համար:
Հուլիսի 23-ին Մերի Մարգարյանի մոտ եղել է բարձր ջերմություն, որից հետո հիվանդը դիմել է իր բժշկին, ով խորհուրդ է տվել 500մլգ պարացետամոլ խմել՝ նշելով, որ բարձր ջերմաստիճանը հավանաբար պայմանավորված է տարածված վիրուսային վարակներով: Թովմասյանի փոխանցմամբ՝ հուլիսի 23-26-ը ծննդկանի մոտ անընդհատ գրանցվել է 37.6-38 աստիճան ջերմություն, այդ թվում՝ դեղորայքի ընդունման պարագայում: Նշված ժամանակամիջոցում ծննդկանն անցել է լաբորատոր հետազոտություն և քանի որ դրանց արդյունքում պաթոլոգիաներ չեն հայտաբերվել, չի հսոպիտալացվել: «Բարձր ջերմությունը նշված է հղիության ընթացքում վտանգի նշանների մեջ, որի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի խորհրդատվությանը: Բժիշկները չպետք է սահմանափակվեին միայն հղիների համար նախատեսված ընթացիկ հետազոտական անալիզներով, առավել ևս եթե պաթոլոգիա չի հայտնաբերվել: Եթե պատճառը վիրուսն է եղել, ապա ինչո՞ւ այդ մասին գրառում չի արվել հիվանդության քարտում»,- ասաց Թովմասյանը:
Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, իր հերթին նշեց, որ իր աղջկան բուժող բժիշկ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ամբողջ ընթացքում կոպիտ վերաբերմունք է ցույց տվել հիվանդի և հարազատների նկատմամբ: Հանգստյան օրերին նա հեռախոսով է ցուցումներ տվել և հեռվից վերահսկել հիվանդի վիճակը, իսկ հերթապահ բժիշկներն այդ ընթացքում չեն մտել հիվանդասենյակ:
26-ամյա Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Իրավապաշտպանի խոսքով՝ իրենք մտադիր են միջնորդել, որ քրեական գործ հարուցվի նաև երեխայի մահվան առնչությամբ: «Քննության արդյունքներից հետո նոր հնարավոր կլինի լայնածավալ գործողություններ իրականացնել: Ելնելով փաստաբանական մարտավարությունից՝ չեմ ցանկանում բացահայտել հետաքա քայլերը, որոնք շատ են լինելու: Մեզ մտահոգում է նաև, թե ինչն է խանգարել, որ Մերին կեսարիան վիրահատության ենթարկվեր՝ մանավանդ, որ առաջարկը եղել է ծնողների կողմից: Պրակտիկայում բավականին շատ են դեպքերը, երբ բարձր ջերմություն ունեցող հղի կնոջ մոտ պաթոլոգիաներ չեն հայտնաբերվում, բժիշկները դիմում են կեսարյան վիրահատության»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հարազատները մինչև վերջին պահը տեղյակ չեն եղել ՝ ինչ է կատարվում ծննդկանի հետ, քանի որ բժիշկը որևէ խորհրդատվություն չի իրականացրել: