Գյումրիում յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդ Մանվել Վարդանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Որոշումը հրապարակվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրում: Վճիռը չի բավարարում ամբաստանյալի դատապաշտպան Լիանա Բալյանին, ով մտադիր է իր պաշտպանյալի համաձայնությունն ունենալուց հետո Վերաքննիչում բողոքարկել դատարանի վճիռը: «Եթե ինձ մնար, ես հենց այսօր կբողոքարկեի այս դատավճիռը, սակայն նախ պետք է ստանամ Մանվել Վարդանյանի համաձայնությունը»,-«Արմենպրես»-ին ասաց Բալյանը' ընդգծելով, որ առաջիկա օրերին ակնկալում է հանդիպում իր պաշտպանյալի հետ:

 

 

Դատախազը Վարդանյանի համար դատարանից 9 տարի էր պահանջել:

 

 

Մանվել Ինգլիզի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ աշխատելով «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ում որպես վարորդ իրեն ամրացված «Կամազ -53202» մակնիշի բեռնատար ավտոմոբիլով 2014թ նոյեմբերի 10-ին' ժամը 19.15-ի սահմաններում, ընթանալով Արթիկ քաղաքից դեպի Գյումրի քաղաք, Երեւան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում խախտելով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, իր գործողություններով ստեղծելով վթարային իրավիճակ եւ ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հրարավորությունից, մուտք է գործել խաչմերուկ եւ բախվելով նշված ուղեվորատար ավտոմոբիլին' վթարի ենթարկվել: Վթարի հետեվանքով ուղեւորատար ավտոմոբիլը հրդեհվել է' անզգուշությամբ առաջացնելով ավտոմոբիլի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի եւ ուղեւորներ՝ Մարինե Նազարյանի, Արամայիս Թումանյանի, Վանիկ Սարգսյանի, Հաբեթ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի եւ Դավիթ Հարությունյանի մահը, իսկ ուղեւորներ՝ Զարուհի Հովհաննիսյանի, Էդմոն Սիմոնյանի, Հասմիկ Հովհաննիսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս: