Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Մարտին Սարոյանը մարզի առաջին ատյանի դատարանում, մարտի 12-ին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրվող ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 188-րդ հոդված 1-ին մասերով՝ նշանակելով, համապատասխանաբար, 14 և 1 տարվա ազատազրկման պատիժ՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուն իրավունքից 1 տարի ժամկետով:

 

Հարություն Սամվելի Սարգսյանի հանդեպ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը 15 տարի ժամկետով:

 

Հարություն Սարգսյանը պատիժը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան քրեկատարողական հիմնարկում: Պատժի սկիզբ հաշվվում է 2012 թվականի ապրիլի 13-ը: Խափանման միջոցը՝ կալանավորումը, մնում է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

 

Դատարանը նաև որոշեց Հարություն Սարգսյանի միջոցներից բռնագանձել 766 հազար դրամ՝ հօգուտ պետական բյուջեի, որպես պատճառած վնասի հատուցում:

 

Վճռի հրապարակման պահին ներկա չէին դատավարության մասնակից կողմերը: Երևանի քրեակատարողական հիմնարկից Գյումրի չէր տեղափոխվել նաև Հարություն Սարգսյանը: Դատավճռի պատճենները կողմերին կհանձնվեն 5 օր ժամկետում: