Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունն այս անգամ էլ նշանակված ժամը 12-ի փոխարեն սկսվեց ժամը 14:30-ին: Այս նիստում ավարտվեց գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտումը: Նախորդ նիստերի ընթացքում հետազոտվել էին գազալցակայանից, ավտոլվացման կետից առգրավված կրիչները:
Այսօր կողմերն ընդամենը նայեցին գազալցակայանի դիմաց գտնվող դեղատնից առգարվված տեսակրիչի պարունակությունը: Մեղադրող Արմեն Մարուխյանը հետազոտումն ավարտելուց հետո, միջնորդեց դիտել նաև այն տեսաերիզները, որոնց վրա քննիչի ընտրությամբ ձայնագրություններ էին կատարվել դատարանում արդեն հետազոտված կրիչներից:
Միջնորդության դեմ առարկեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ դա ժամանակի արհեստական ձգձգում է: «Ինչ իմաստ ունի կրկին անգամ նայել այդ ձայնագրությունները, որոնք արդեն կրիչների վրա մենք տեսել ենք: Եվ հաստատ կարելի է ասել, որ մեր հետազոտած ապացույցներն ավելի շատ ինֆորմացիա են պարունակում, քան այդ տեսաերիզները, որոնք կարելի է ասել կրիչների ածանցյալներն են»,-հայտարարեց Լուսինե Սահակյանը:
Դատավոր Մարտին Սարոյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Դատախազ Արմեն Մարուխյանը սահմանափակվեց միայն հրապարակելով տեսաերիզների պարունակության վերաբերյալ տեղեկությունները: Այնուհետև կողմերն անցան իրեղեն ապացույցների հետազոտմանը: Դատարանում հետազոտվեցին ամբաստանյալին պատկանող վերնազգեստը, կոշիկները, սպանված Կարեն Եսայանի մեքենայից առգրավված ռեզինե գորգերը:
Պաշտպանական կողմը հերթական անգամ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ապացույցների փաթեթավորումն ու կնիքներն արված են անփույթ և ցանկացած մեկը կարող է բացել կնիքը, կրկին փակել, անել ապացույցների հետ ինչ խելքին փչի: Փաստաբան Հունան Բաբայանը ռեզինե գորգերի հետազոտման ժամանակ նկատեց, որ դրանք այնքան էլ մաքուր չեն, հատկապես հետևի նստատեղի հատակի գորգերը:
«Եթե հաշվի առնենք, որ ըստ քրեական գործի Կարեն Եսայանը մեքենան ավտոլվացման կետից հանելուց հետո միանգամից ուղևորվել է Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք, որևէ մեկը մեքենայի հետնամասում չի նստել ըստ գործի, ապա այս գորգերը չպիտի կեղտոտված լինեին: Այնինչ, ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, այստեղ կան հետքեր, գորգը կեղտոտված է»,-նկատեց Հունան Բաբայանը:
Դատարանն այս դատական նիստին պատրաստվում էր հարցաքննել ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, սակայն վերջինս պատասխանեց, որ դեռ պատրաստ չէ: Պաշտպանական կողմն էլ առաջարկեց նախ լսել դատարան հրավիրած երկու փորձագետներին: Երբ ավարտվեց փորձագետների հարցաքննությունը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն առաջարկեց քանի որ դեռ կես ժամ կա աշխատանքային օրվա ավարատին՝ լսել ամբաստանյալին:
«Անհասկացողների համար նորից կրկնեմ, որ պատրաստ չեմ»,- ի պատասխան Մելքոնյանի առաջարկի՝ ասաց ամբաստանյալ Հարություն Սարգսյանը: Մեղադրող կողմը «անհասկացող» բառը որակելով վիրավորանք, միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի նկատմամբ սանկցիա կիրառելու: Միջնորդություն կատարելիս դատախազը ամբաստանյալին կոչեց «սրան», որն էլ հակառակ կողմի մոտ բուռն արձագանքի արժանացավ:
Կողմերը սկսեցին միմյանց մեղադրել ոչ ճիշտ պահելաձևի և դատավարական օրենսգրքի տառը չպահելու մեջ: Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ Արմեն Մելքոնյանն իրավունք չունի դատարանում «փռված» հայտարարություններ անելու: Վերջինս վրդովված «փռված» բառից՝ սկսեց վիրավորել փաստաբանի անձը: Ուշացումով սկսված նիստն ավարտվեց վիճաբանությամբ: Դատավորն այդպես էլ չկողմնորոշվեց սանկցիա կիրառել երկու կողմի նկատմամբ, թե այնուամենայնիվ պատժել միայն ամբաստանյալին և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին: