Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի, սպանության մեջ մեղադրվող՝ Անիի նախկին ոստիկանապետի տղան Հարություն Սարգսյանը ոստիկանության բաժնում պահվում է արտոնյալ պայմաններում: Համենայն դեպս, նրա խցի դուռը ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է բաց։
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության պարզաբանման, ձերբակալված անձանց պահելու պայմանների օրինականությունը ստուգելու ընթացքում Շիրակի մարզի դատախազը՝ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի ուղեկցությամբ, ապրիլի 4-ին ՁՊՎ այցելության ընթացքում արձանագրել է, որ խցերից մեկի դուռը բաց է: Այս փաստի կապակցությամբ մարզի դատախազի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն:
Իրականացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 4-ին Ախուրյանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ում բաց է եղել Կ.Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հ.Սարգսյանին խցի դուռը: Համաձայն հաստատված գրաֆիկի' այդ օրը հերթապահություն են իրականացրել ոստիկանության ավագ Հ.Կարապետյանը և ոստիկանության սերժանտ Ռ.Հովհաննիսյանը:
Նշված օրը' ժամը 22:50-ի սահմաններում, Հ.Կարապետյանը և Ռ.Հովհաննիսյանը, չպահպանելով ՁՊՎ-ում անվտանգության կանոնները, խախտելով ՀՀ ոստիկանության համակարգի' ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնագրքով հաստատված օրվա կարգացուցակը, առանց ծայրահեղ անհրաժեշտության, բացել են թիվ 1 խցի դուռը, որտեղ պահվելիս է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանը:
Ծառայողական պարտականությունները կատարելու մեջ թերանալու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ ներքին կանոնանգրքի 42-րդ, 88-րդ, 92-րդ և 93-րդ կետերը չկատարելու համար, համաձայն «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության Ախուրյանի բաժնի պետի' 2013թ. թիվ 36-Ա հրամանի' Հ.Կարապետյանին և Ռ.Հովհաննիսյանին հայտարարվել է նկատողություն:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Կ.Եսայանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը ևս բարձրաձայնել էր Հ.Սարգսյանի «արտոնությունների» մասին:
Հեղինակ:
«Փաստինֆո»