Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի' 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ մարդասպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետի որդին' Հարություն Սարգսյանը: Դատական նիստի սկզբում դատավորի քարտուղարը զեկուցեց, որ դատարանը հարցում է կատարել Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց, որտեղից և պատասխանել են, որ Վարդան Ղուկասյանը դեռ բուժման ընթացքի մեջ է, և նա այդ վիճակով չի կարող ներկայանալ դատարան:
Դատավորը նորից փորձում էր ընթերցել հայր ու դուստր Ղուկասյանների նախաքննական ցուցմունքները, երբ կոտրված, վիրահատված, գիպսի մեջ դրված ոտքով որպես վկա դատարան ներկայացավ ամբաստանայլի մայրը' Անահիտ Նիկոլյանը: Տիկինը, սպանության օրվա հետ կապված որոշ մանրուքներ պատմելուց բացի, ասենք՝ ինչպես են իրենց ոստիկանություն տարել, ինչպես են ոստիկանները գրոհել իրենց տունը' խուզարկություններ կատարելով, նաև մի քանի սենսացիոն հայտարարություններ արեց: Ամբաստանյալի մայրը իր կասկածները հայտնեց, որ այդ սպանությունը կատարել է Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը, քանի որ վերջինս չի ուզել, որ իր քույրը' Մանյան, ամուսնանա դասընկերոջ՝ Կարեն Եսայանի հետ:
«Հարգելի դատարան, ինձ ասացին, որ Սպարտակը դեմ է եղել Մանյայի ամուսնությանը, լրատվամիջոցներն էլ գրեցին, «Արմենիան» էլ անոնս տվեց ու հետո դա անհետացավ: Այդ անոնսների մեջ սպանությունը կապում էին Սպարտակի ու Շեկոյի անվան հետ: Իսկ այդ դեպքից առաջ Շեկոն ու Տանկը, թեև չգիտեմ' Տանկո էր, Մանգո է, այդ երկուսն էին կռվել Տեքստիլ թաղամասում: Երբ մեզ հրավիրեցին ոստիկանություն ու սկզբում ասացին, թե Վարդան Ղուկասյանի աղջկան են սպանել, հետո ասացին փեսացուին, մենք մտածեցինք, որ հենց այդ կռվի շարունակությունն է: Բայց ես գիտեմ, որ Սպարտակը ասել է, թե չպիտի տանք քրոջս դրանց, Վարդան Ղուկասյանն էլ, աչքի առջև ունենալով եղբոր' Գևորգ Ղուկասյանի դստեր' Անիի ինքնասպանությունը, ասել է' պիտի տանք: Անին ինքնասպան եղավ, որովհետև սիրում էր մի տղայի, որին վերացրեցին Սպարտակի գլավարությամբ: Կարեն Եսայանը ևս մոլորված է եղել այս պատմությունից», -ասաց Անահիտ Նիկոլյանը:
Դատավոր Մարտին Սարոյանը հետաքրքրվեց, թե նման տեղեկատվություն ո՞վ է տվել այս տիկնոջը, ու ասաց' անուններ տվեք: «Ով որ ինձ ասել է, անձամբ ներկա է եղել հայր ու որդի Ղուկասյանների վեճին, բայց չեմ ասի անունը»,- անմիջապես հրաժարվեց տիկինը: Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը, չըմբռնելով Անահիտ Նիկոլյանի ասածը, հարցրեց. «Ասացիք ի՞նչ տարաձայնություն է եղել Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի միջև»: Տիկինը, նորից համոզված, կրկնեց իր ասածը. «Սպարտակը հորն ասել է' աչքերս կքոռանան ու չեմ տեսնի, թե ինչպես ես Մանյային տալիս Կարենին: Իսկ սովորական մահկանացուն չէր կարող տանել Կարենին ու սպանել Սև Ղուլ է, թե Սպիտակ, չգիտեմ, այդտեղ, դա Ղուկասյանների տարածքն է: Իսկ էդ լավ տղերքը եթե տեղյակ չէին, թե ինչ է կատարվել, ինչո՞ւ առավոտյան ժամը 11-ին դիսկեր էին հանում, Կարենի սպանությունից էին խոսում, ի՞նչ գիտեին սպանվա՞ծ է , թե՞ գողը սիրտը' դող»,- բորբոքվեց Անահիտ Նիկոլյանը: Այս խոսքերի վրա դահլիճում նստած տեղից միջամտեցին Կարեն Եսայանի ընկերները, ովքեր, ըստ Անահիտ Նիկոլյանի, շուրթերով հայհոյում էին իրեն: Տիկինը նրանցից մեկին անվանեց «երջանիկ եզ»' պնդելով, որ իրեն հայհոյում է, այդ երիտասարդն էլ տիկնոջը հակադարձեց' ասելով «Լռի, այ չոլախ»: Գործին խառնվեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, ով իր հերթին նախազգուշացրեց, որ հավերժ չի մնալու բանտում, դուրս կգա ու նրանց հարցերը կլուծի: Դատական նիստը վերածվեց իսկական դժոխքի, բոլորը ճչում էին, ամբաստանյալն ու Կարեն Եսայանի ընկերները հայհոյում էին մեկը մյուսին: Անկառավարելի մթնոլորտի պատճառով դատավորը ստիպված էր ընդմիջում հայտարարել: