«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին`Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան և ծեծի ենթարկել աշխատակիցներին:
Թերթին հայտնի է դարձել, որ Սպարտակ Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ է եղել նաև մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է:
Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ երիտասարդ տղայի աչքն այն աստիճանի է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առջև:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ Գյումրու Մուշի բաժնում մայիսի 10-ին վիճաբանության մասին ահազանգ է ստացվել և այս պահին ոստիկանությունն աշխատում է ահազանգի հետքերով:
Նշենք նաև, որ Վարդան Ղուկասյանը հերքում է տեղեկությունը. «Հիմարություն է, այդպիսի բան չկա»:
Ում անունները որ տրվում են, իմ հարազատններն են, իմ մոտիկ մարդիկ են, իմ տան տղերքն են: Ջանոյաններն իրենց հերերով իմ հարազատներն են: Այդ մարդիկ ընտրություններին մեզ են պաշտպանել, դրա համար են հիմա այդպիսի խառնակչություն տարածում:
Ես զարմանում եմ, որ դուք էդքան խառնվել եք իրար: Ամո՛թ է, ամո՛թ, այդ դո՛ւք եք արել, դո՛ւք եք ծեծել»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանությունն ահազանգ է ստացել այդ դեպքի մասին, Վարդան Ղուկասյանը հակառակվեց. «Ոստիկանությունը ոչ անուն է տալիս, ոչ մանրամասներ, ոչ էլ հիվանդանոց դիմած մարդ կա»:
Հավելենք, նաև, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Վարդան Ղուկասյանը «Ծառուկյան» դաշինքի ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել: