Ընտրողների ցուցակները կազմվել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների հիման վրա և ցուցակներում ներառվել են քվեարկության անցկացման օրվա դրությամբ 18 տարին լրացած քաղաքացիների տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ, որում ասված է.
«Ժողովուրդ» օրաթերթի 2015 թվականի հունիսի 9-ի հրապարակման համաձայն՝ Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 հազար 800 ընտրող, մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 հազար 300 է, Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հազար է, իսկ բնակչության պաշտոնական թիվը՝ 21 հազար 300, Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հազար 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 հազար 474:
Հրապարակված տվյալների հետ միաժամանակ արվել է ոչ մասնագիտական եզրահանգում, համաձայն որի՝ Աբովյանում և Արտաշատում ամբողջ բնակչությունն ընտրողներ են, իսկ Ալավերդիում ընտրողների թիվը 3 հազարով ավելի է բնակչության պաշտոնական թվից: Միաժամանակ, կասկածի տակ են դրվել ընտրողների ցուցակները, համաձայն որի՝ դրանցում կան մահացած անձանց տվյալներ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով' բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Օրաթերթում հրապարակված տվյալները 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ նշված համայնքներում մշտական բնակչության թվաքանակն է, որոնք չեն ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կստացվեն համայնքներում բնակչության թվի ավելի մեծ ցուցանիշներ: Բացի այդ, բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Աբովյան քաղաքում հաշվառված անձանց պաշտոնական թվաքանակը կազմում է 56887, Արտաշատում՝ 27094, իսկ Ալավեդիում՝ 16473:
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կազմվել են ընտրողների ցուցակները, որոնցում ներառվել են քվեարկության անցկացման օրվա դրությամբ 18 տարին լրացած քաղաքացիների տվյալները: ՀՀ ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից:
Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ԱԳՆ-ի միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Ինչ վերաբերում է ընտրողերի ցուցակներում մահացած անձանց տվյալների առկայությանը, նշված ենթադրությունները ևս անհիմն են: Ընտրական գործընթացների շրջանակներում ՀՀ ոստիկանությունը սահմանված կարգով հրապարակել է նախնական և վերջնական ցուցակները, որոնք բաց են եղել քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և ընտրական գործընթացին հետևել ցանկացող այլ անձանց համար: Ոստիկանությունն ընտրողների ցուցակներում մահացած անձանց առկայության վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել»: