ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 27 զանգ:
Ինչպես Mediamall.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, քաղաքացի Նորա Հ.-ն տեղեկացրել է, որ www.elections.am կայքում ընտրատեղամասը ճշտելիս պարզել է, որ դստեր տվյալները քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա չեն:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացուհու դստերը շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և նրան 2011թ. մայիսի 6-ին տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Տեխնիկական խնդրի պատճառով հաշվառման հասցեն չի մուտքագրվել բնակչության պետական ռեգիստրի բազա: Սխալը շտկվել է, ինչի մասին դիմումատուն 2015թ. նոյեմբերի 23-ին տեղեկացվել է:
«Թեժ գծով» ստացված մյուս 26 ահազանգերը եղել են տեղեկատվական բնույթի, որոնց կապակցությամբ քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: