Փետրվարի 12-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին՝ կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղուկասյանը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերոջ՝ 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին:

 

Ոստիկանության տեղեկացմամբ՝ այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Վարդան Ղուկասյանին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նախկին քաղաքապետի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:

 

Նույն օրը Վարդան Ղուկասյանը իր որդու՝ Սպարտակի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին: Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրություններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել:

 

Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղուկասյանը և իր որդին բաց են թողնվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: