Գյումրիում հիմնանորոգումից հետո օգոստոսի 14-ին վերբացվեց Շչեդրին փողոցը: Փողոցի մի հատվածը հարաբերականորեն բարեկարգ վիճակում էր, և այս տարի միայն մասնակի նորոգման՝ փոսալցման ենթարկվեց, ապա մյուս հատվածը կառուցումից՝ 1976 թվականից ի վեր, չէր նորոգվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, իրականացվել է մոտ 71 մլն դրամի հիմնանորոգում, որի շրջանակներում քաղաքի երկու հատվածներն իրար կապող փողոցը նորոգվել ու ասֆալտապատվել է: «Մոտ 700 գծամետր երկարությամբ 5 հազար քառակուսի մետր տարածք հիմնանորոգվել է, ևս 700 քառակուսի մետր տարածք էլ՝ մինչև Նժդեհի փողոց, փոսային նորոգման է ենթարկվել: Ամբողջը կատարվել է համայնքային բյուջեի հաշվին»,- նշեց Մանասյանը:

 

 

Փողոցի բնակիչները, քաղաքապետին շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, նաև խնդրեցին հաշվի առնելով տարածքում գտնվող դպրոցի առկայությունն ավելացնել գծանշանները, մեքենաների արագությունը սահմանափակող նշումները և նորոգել նաև մայթերը:

 

 

Գյումրիում մոտ 7 փողոց ներկայում նորոգվում է: Նրանցից երեքն առաջիկա 15 օրերի ընթացքում շահագործման կհանձնվեն, իսկ Նժդեհի փողոցը շահագործման կհանձնվի սեպտեմբերիր 5-ին: Համայնքային բյուջեից փողոցների նորոգման համար հատկացված գումարը կազմում է 435 մլն դրամ: