Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարման մեկ տարին էլ լրացավ, սակայն վերջինիս կողմից տրված և չկատարված խոստումների վերլուծությունը դեռ շարունակվում է: Նա, մասնավորապես, խոստանում էր մաքրել Երևանը, լուծել տրանսպորտի խնդիրը, վերացնել երևանցիներին հոգեհան անող կարմիր գծերը, անհաշտ պայքար մղել ապօրինի շինարարության դեմ, բարելավել, մասնավորապես, պոլիկլինիկաների շենքային պայմանները, վերանորոգել վերելակները, կառուցել մետրոյի նոր կայարան, ունենալ կանաչապատ Երևան և այլն: Ընդ որում՝ սեփական խոստումներն է՛լ ավելի ազդու դարձնելու համար Երևանը Կովկասի մարգարիտ դարձնել խոստացող հեղափոխական Մարությանը հավաստիացնում էր, որ այդ ամենը պատրաստվում է կյանքի կոչել բացառապես քաղաքի բյուջեն խնայելով, ամեն մի լումայի վրա դողալով:

Սակայն եկավ մի պահ, երբ Մարությանը հասկացավ՝ ճոխ պարգևատրումներից, աշխատավարձերի բարձրացումից, աննպատակ գործուղումների վրա ծախսած միլիոններից հետո բյուջեն կրկին լցնել է պետք, քանի որ ամեն լումայի վրա դողալը ակնհայտորեն չի ստացվել: Բյուջեն լցնելու լավագույն տարբերակն էլ երևանցիներին հարկերով խեղդելն է: Սկզբում բարձրացվեց աղբի հարկը, հետո անցան ընտանի կենդանիներին, Երևանի կենտրոնում բնակվողները այսուհետ ավելի մեծ գույքահարկ կվճարեն՝ դա էլ ևս մեկ նվեր, ոչինչ չանող համատիրությունների ֆինանսական պահանջները ևս ավելացել են: Արդյունքում տուժում են թե Երևանցի տնտեսվարողները, թե դրսի ներդրողները, ովքեր յոթ անգամ կչափեն մայրաքաղաքում որևէ ներդրում անելուց առաջ և դժվար էլ կտրեն, ինչպես նաև տուժում են շարքային երևանցիները, որոնց սոցիալական բեռը միայն ավելանում է:

 

Թերևս Մարությանին 80 տոկոս ձայն տված քաղաքացիները այլ պատկերացումներ ունեին հեղափոխական քաղաքապետի աշխատանքի արդյունքների և որակի վերաբերյալ: Այսքանից հետո քաղաքապետարանին մնում է միայն շնչելու տուրք սահմանել, վստահ ենք, որ այդպիսով հնարավոր կլինի կոմպենսացնել այն բացը, որը առաջացել է համայնքային բյուջեում ՝ հեղափոխականների ցոփ ու շռայլ ախորժակի պատճառով…