Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական մատակարարման գծով վարչության պետ Գորխմազ Գարաեւը պաշտոնաթող է արվել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է AzeriDefence լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ աղբյուրներին:

 

Ըստ տեղեկությունների' բարձրաստիճան գեներալը նշանակվել է Երրորդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ:

 

Նրա փոխարեն Ադրբեջանի ՊՆ նյութատեխնիկական վարչության պետ է նշանակվել գնդապետ Ֆուադ Ամիրովը:

 

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ հոգեբանական պատրաստվածության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, գնդապետ Ռուֆաթ Ամիրովն էլ նշանակվել է ՊՆ-ին կից Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները որոշ ժամանակ առաջ հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ համակարգում գլխավոր տեսչական վարչությունում կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնաթող են արվել երեք բարձրաստիճան զինվորականներ: Մի քանի օր առաջ զբաղեցրած պաշտոններից հեռացվել էին Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ Միրզա Ալմասովը եւ ԶՈւ գլխավոր տեսչական վարչության պետ Ֆահրադդին Ջաբրայիլովը: