Ընթացիկ տարվա հուլիսին ռեկորդային թվով՝ ավելի քան 107 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է սահմանների պահպանության Frontex եվրոպական գործակալությունը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ հուլիսին ժամանել են 107,5 հազար միգրանտներ: «Այսպիսով, զգալիորեն գերազանցվել է հունիսի ռեկորդը, երբ գրանցվել էր շուրջ 70 հազար մարդ: Ավելին, դա եռակի ավելի է, քան 2014 թվականի հուլիսին ժամանածների թիվը»,- նշում է գործակալությունը:
Այսպես, գրեթե 50 հազար միգրանտներ են ժամանել Էգեյան ծովի կղզիներ, նրանց մեծամասնությունն ափ է իջել Հունաստանի Լեսբոս, Խիոս, Սամոս եւ Կոս կղզիներում: Բացի այդ, շուրջ 20 հազար մարդ ժամանել Իտալիա եւ գրեթե 35 հազար՝ Հունգարիա:
Իսկ ընդամենը 2015 թվականին Եվրամիություն ժամանած միգրանտների թվաքանակը կազմել է 340 հազար այն դեպքում, երբ անցյալ տարի նրանք 280 հազար էին: Գործակալության տվյալներով՝ եկվորների մեծ մասը Սիրիայից են եւ Աֆղանստանից:
Եվրահանձնաժողովի գնահատումների համաձայն՝ տարեսկզբից միայն Միջերկրական ծովով ԵՄ-ի երկրներ են ժամանել գրեթե 200 հազար գաղթականներ, եւ այդ հոսքը շարունակում է աճել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: