Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ անօրինական միգրանտների կուտակման պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգներն «ընթանում Է դեպի դժոխք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Politico-ին:
Պատասխանելով ԱՄՆ-ի ներքին իրադրության մասին՝ երեկոյան շոուի հաղորդավար Բիլ Օ’Ռայլիի հարցին՝ քաղաքական գործիչը եւ գործարարը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում երկրից վտարել անօրինական միգրանտների՝ Միացյալ Նահանգների տարածքում ծնված երեխաներին:
«Մենք պետք Է սկսենք մեր ձեռքը վերցնել մեր երկիրը: Մեր երկիրն ընթանում Է դեպի դժոխք»,- ասել Է Թրամփը:
Ավելի վաղ քաղաքական գործիչը նշել Է, որ, եթե ինքը երկրի նախագահ դառնա, չեղյալ կհայտարարի միգրացիոն քաղաքականության ոլորտում Բարաք Օբամայի հրամանագիրը, ներառյալ ԱՄՆ-ից երեխաների արտաքսման արգելքը, եթե նրանք երկիր են ժամանել ծնողների հետ, որոնք անհրաժեշտ փաստաթղթեր չունեն:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Թրամփը մինչ օրս առաջատարն Է Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուների թվում: