Քութայիսին շրջանցող արագ ավտոճանապարհին' Սամտրեդիայի շրջանի Բաշ գյուղի շրջակայքում, օգոստոսի 20-ին' ժամը 17.00-ի սահմաններում, ճակատ ճակատի իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկում եղել են ՀՀ քաղաքացիներ, մյուսում՝ Վրաստանի:

 

Ինչպես տեղեկացրին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից, Իմերեթիայի տարա ծաշրջանի փրկարարական ծառայության ղեկավար Վլադիմիր Ջղամաձեի տրամադրած տեղեկատվության համաձայն, ավտովթարի արդյունքում տեղում զոհվել են ՀՀ քաղաքացիներ Արշավիր Հարությունյանը (1958թ.ծ.), Լիլի Ներսիսյանը (1975 թ.ծ.), և Մարգարիտա Ներսիսյանը (1957 թ.ծ.): Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ՀՀ քաղաքացի, 2000 թվի ծնված Հեղինե Բաղդասարյանը: Տեղում զոհվել է նաև վրացական մեքենայի վարորդը: ՀՀ քաղաքացիներ Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ինչպես նաև վրացական մեքենայի երկու ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց: Բոլորի վիճակը գնահատվում է ծանր: