Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին հանձնարարել է սկսել նախապատրաստվել արտահերթ ընտրություններին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, որոշումն ընդունվել է խորհրդարանի նախագահ Իսմեթ Յըլմազի հետ Էրդողանի միջեւ երեկ երեկոյան երեք ժամ տեւած հանդիպման ժամանակ: Օգոստոսի 23-ին ավարտվել էր կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը, որն արդյունք չէր տվել:

 

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր արտահերթ ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացվելու հնարավորության մասին:

 

«Չնայած խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների հետ անցկացված բանակցություններին' նախարարների խորհուրդ չի հաջողվել ստեղծել: Այդ պատճառով նախագահը որոշում է ընդունել նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին», - ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

 

Արտահերթ ընտրությունները, որոնք նախատեսված են թուրքական սահմանադրությամբ նախորդ ընտրություններից հետո 45 օրվա ընթացքում հաղթած կուսակցության կողմից կոալիցիոն կառավարություն ձեւավորելու անհնարինության դեպքում, Թուրքիայի պատմության մեջ պետք է անցկացվեն առաջին անգամ: Նախընտրական ժամանակաշրջանում երկիրը պետք է ղեկավարի ժամանակավոր կառավարությունը, որը պետք է ստեղծվի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամներից: Մյուս երկու խորհրդարանական կուսակցությունները' Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժումը (ԱՇԿ) հրաժարվել են ժամանակավոր կառավարությանը մասնակցությունից, նրանց տեղը պետք է զբաղեցնեն անկուսակցական նախարարներ:

 

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանականներ ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել են 20 քաղաքական կուսակցություններ: Ընտրություններում իշխող ԱԶԿ-ը հավաքել է ընտրողների 40,9 տոկոս ձայները, ԺՀԿ-ը' 25 տոկոս, ԱՇԿ-ը' 16,3 տոկոս եւ ԺԴԿ-ը' 13,1 տոկոս ձայներ: