Ընթացիկ տարվա ամառային ամիսներին (հունիս-օգոստոս) երեխաների մասնակցությամբ գրանցվել է 123 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զովել է վեց և վիրավորվել վեց երեխա, ինչը նախորդ տարվա համեմատ' երեխաների մասնակցությամբ չորս ՃՏՊ-ով, չորս զոհով և ութ վիրավորով պակաս է: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ճանապարհային ոս տիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: «Մենք օգոստոսի 25-ից կազմակերպել ենք ուժեղացված ծառայություն'կապված նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ: Բազմաթիվ այցելություններ ենք ունեցել Երևանի բազմաթիվ դպրոցներում, կատարել բացատրական աշխատանքներ, ինչպես նաև թարմացրել ենք հետիոտնային գծանշումները' հատկապես դպրոցամերձ տարածքներում»,- նշեց նա:
Նա հավելեց, որ այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում երեխաների մասնակցությամբ ՀՀ-ում գրանցվել է 210 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 74-ը' Երևանում, որի հետևանքով զոհվել է 9-ը, իսկ վիրավորվել է 238 երեխա: «Ամառային երեք ամիսների ընթացքում Երևանի ճանապարհատրանսպորտային վարչության պարեկային ծառայության ավտոմեքենաները Երևանի 12 համայնքներից հանրապետության տարբեր ճամբարներ գնացող 300 ավտոբուսների ուղեկցություն են կազմակերպվել: Ընդհանուր առմամբ' ՀՀ-ում առաջին 7 ամիսներին գրանցվել է 1691 ՃՏՊ-եր, որի հետևա նքով զոհվել է 157 մարդ»,- շեշտեց Նորիկ Սարգսյանը'կոչ անելով բոլոր ծնողներին իրենց երեխաների մեջ սերմանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը շատ կարևոր է:
Իր հերթին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ընդգծեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանը կատարել է որոշակի նախապատրաստական աշխատանքներ: «Երևան քաղաքը սպասարկող փոխադրող կազմակերպությունները կատարել են իրենց տրանսպորտային միջոցների թարմացման աշխատանքներ և սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքը պատրաստ են լինելու սպասարկել 440-460 ավտոբուս, 1200-1250 միկրոավտոբուս և 45-50 տրոլեյբուս»,-նշեց Նավասարդյանը' հավելելով, որ մինչև տարեվերջ Երևանում հասարակական տրանսպորտի թանկացում չի նախատեսվում, և Երևանի քաղաքապետարանը շարունակում է ուսումնասիրությունները այդ խնդրի ուղղությամբ: