Հանգստից վերադառնալիս շատ կարևոր է հոգեբանորոն պատրաստվել: Նյարդաբան, սոմնոլոգ, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Սամսոն Խաչատրյանը փաստում է' ամառային շրջանը հանգստի նպատակով օգտագործում են շատերը, և հանգստից առօրյա ռեժիմի վերադառնալը բարդ խնդիր է դառնում:
«Շատ կարևոր է հոգեբանորեն նախապատրաստվել' մտածել աշխատանքի վերադառնալու մասին: Վերջին օրերին գոնե անհրաժեշտ է ուշ ժամերի չքնել, շուտ արթնանալ: Շատ կարևոր է կարգավորել սննդի հարցը. ուշ ժամերին խորհուրդ չի տրվում սնվել: Անհրաժեշտ է նաև ակտիվացնող ըմպելիքների մեծ ծավալի օգտագործումը սահմանափակել երեկոյան ժամերին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սամսոն Խաչատրյանը:
«Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահի խոսքով' հանգիստը ռեժիմից շեղում է բերում:
«Մարդիկ սկսում են ուշ քնել, ուշ արթնանալ, լուսային օրվա ռեժիմն էապես փոխվում է: Եթե մի քանի ժամային գոտի են հատել, արդեն խնդիր է, երբ վերադառնում են: Ցանկալի է սահմանել սննդի ընդունման ռեժիմ, որպեսզի ժամերը հստակ լինեն: Ցանկալի չէ քնին մոտ ժամերին մարզումներ անել»,- հավելեց Սամսոն Խաչատրյանը:
Մասնագետի խոսքով' հանգստի չգնալն իր հերթին որոշակի խնդիրներ է բերում: «Հնարավոր է առաջանան հոգեբանական և ֆիզիոլոգիական խնդիրներ: Օրինակ' արտասահմանում անպայման շաբաթ-կիրակները փոքր հանգիստների համար են օգտագործում, մեզ մոտ ցանկալի է օգտագործել արձակուրդը: Պարտադիր չէ, որ հանգիստը պասիվ լինի, կարող է նաև ակտիվ լինել»,-նշեց նա: