Թաիլանդի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությանը հնարավոր մասնակցության համար կասկածվողը գտնվում է Թուրքիայում և մտադիր է մոտ ապագայում վերադառնալ Բանգկոկ' ցուցմունքներ տալու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
26-ամյա Վաննա Սուանսանը հայտնվել է կասկածյալների ցուցակում այն բանից հետո, երբ իր վարձակալած բնակարանում ոստիկանները հայտնաբերել են պայթուցիկ սարքեր պատրաստելու համար նախատեսված նյութեր:
«Ես չեմ եղել այդ բնակարանում արդեն 1 տարուց ավելի: Իսկապես, դա ես եմ վարձակալել այն, սակայն այնտեղ ապրել են իմ ամուսնու ընկերները: Նույնիսկ չգիտեմ' քանի մարդ է այնտեղ ապրել»,- մեջբերում է The Bangkok Post պարբերականը Սուանսանի խոսքերը, ով հունիսից գտնվում է Թուրքիայում:
Ըստ պարբերականի' պայթյունի կազմակերպման համար կասկածվողներից 2-ը լքել են Թաիլանդի տարածքը և այժմ, ենթադրաբար, գտնվում են հարևան Կամբոջայում:
Հիշեցնենք, որ Բանգկոկում օգոստոսի 17-ին պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, 125-ը ստացել են վնասվածքներ: Տուժածների մեծ մասն արտասահմանցի զբոսաշրջիկներ են: