ԼՂ Նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարևորություն ունի մեր ժողովրդի կյանքում:

 

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ և անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած և մինչև մեր օրերը հասած նրա երազանքը:

 

Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի:

 

Համախմբվելով և միատեղելով մեր ուժերը' պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն' միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին:

 

Դա դժվարին, բայց և պատվաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տված: Այդպես միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ու շատ ծրագրեր և անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը:

 

Թանկագին հայրենակիցներ,

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ պետական այս նշանակալի տոնի առթիվ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին և բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախի Հանրապետությանը»: