Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ:
Միջոցառման շրջանակներում «Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է: Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն:
Մխիթարյանը ողջույնի խոսք ասաց և նշեց, որ նվերներ է պատրաստել երեխաների համար:
«Ողջունում եմ բոլորին, հատկապես երեխաներին: Քանի որ այսօրվա մեր հանդիպումը բարեգործական բնույթ է կրում, իմ կողմից նվերներ ունեմ երեխաներին հանձնելու և նրանց մաղթում եմ առողջություն, նպատակների իրականացում ու հաջողություն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ նշեց կիսապաշտպանը:
Հավաքականի առաջատարն այդ գրիչով ստորագրեց գնդակները, որոնք նվիրվեցին միջոցառմանը ներկա գտնված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության՝ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից ժամանած 30 շահառու երեխաներին, որոնցից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ են:
Հենրիխ Մխիթարյանը բարեգործական ձեռնարկի ընթացքում ստորագրեց նաև անվանական երկու մարզաշապիկ և քսան գնդակ, որոնք հետագայում կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:
Լուսանկարները`Լուրեր.com-ի