Կիևի փողոցներում ծխի պատճառով քաղաքային վարչակազմում որոշում են ընդունել մինչև սեպտեմբերի 7-ը փակել դպրոցներն ու մանկապարտեզները: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավարի տեղակալ Աննա Ստարոստենկոն:
Դպրոցները, այնուամենայնիվ, բացվել են, քանի որ շատ ուսուցիչներ աշխատանքի են գնացել` նրանց չեն հասցրել զգուշացնել փակման մասին:
«Այսօր մենք խորհուրդ չենք տալիս երեխաներին դպրոցներ և մանկապարտեզներ տանել, ուսումնական հաստատությունները կաշխատեն սահմանափակ ռեժիմով: Ուրբաթ դպրոցներն ու մանկապարտեզները փակ կլինեն»,- հայտնել է Ստարոստենկոն:
Մասնագետների տվյալներով` սեպտեմբերի 2-ի դրությամբ Կիևում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցվել է 18 անգամ:
Ինչպես հայտնում է պարբերականը, գիշերվանից կիևցիները չեն կարողանում քնել քաղաքին պատած կծու ծխի պատճառով: Գիշերվա ժամը 3:00-ին մոտ հնարավոր չի եղել բնակարաններում գտնվել:
Մարդիկ սոցցանցերում հայտնում են, որ առավոտից ուժեղ գլխացավ ունեն, գլխապտույտ և ալերգիա, ոմանք շտապօգնություն են կանչել:
Քաղաքային վարչության մամլո ծառայությունում նշել են, որ Կիևի իշխանությունները մի շարք օպերատիվ միջոցներ են ձեռնարկում օդում վնասակար նյութերի քանակը նվազեցնելու համար:
Այսպես, Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավարի տեղակալ Պյոտր Պանտելեևի խոսքով՝ հինգշաբթի օրը կսահմանափակվի մեծ բեռնատար մեքենաների մուտքը մայրաքաղաք: Նաև քաղաքային իշխանությունը ավտոտերերին կոչ է անում հնարավորության դեպքում ավտոմեքենա չօգտագործել:
Բացի դրանից՝ քաղաքում ուժեղացված ռեժիմով փողոցների և ճանապարհների ջրցանում կկազմակերպվի:
Կիևում օդի աղտոտվածությունը կարող է մինչև երկու շաբաթ տևել:
Հիշեցնենք, որ Կիևում Դարնիցկու անտառապարկային տնտեսությունում 15 հա անտառ է հրկիզվել, մարումը դժվարանում է եղանակային պայմանների պատճառով: Հրդեհը, սակայն, գործնականում լիովին տեղայնացվել է: