Հունաստանի երկու խոշորագույն արհմիութենական միավորումներ՝ Հույն աշխատավորների համընդհանուր համադաշնությունը եւ Քաղաքացիական ծառայողների բարձրագույն վարչակազմը, նոյեմբերի 12-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում ի նշան խիստ խնայողության միջոցառումների դեմ բողոքի, որոնք երկրի կառավարության կողմից իրականացվում են միջազգային վարկատուների հետ համաձայնեցմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Գործադուլին մասնակցում են երկրի կոմունալ ծառայությունները, նախարարությունների եւ հարկային մարմինների, կենսաթոշակային ֆոնդերի, տեղական ինքնակառավարման մարմինների, բանկերի աշխատակիցները, ուսումնական հաստատությունների պրոֆեսորներն ու դասախոսները, ինժեներներ, իրավաբաններ, նոտարներ ու դեղագործներ:

 

 

Նոյեմբերի 12-ին փակ կլինեն պոլիկլինիկաները, հիվանդներին չեն ընդունի ատամնաբույժները: Հիվանդանոցներում եւ շտապ օգնության կայաններում աշխատանքի դուրս կգան միայն հերթապահ խմբերը: Այցելությունների համար փակ կլինեն թանգարանները եւ ճարտարապետական հուշարձանները:

 

 

Մետրոպոլիտենի երթեւեկությունը դադարեցված Է, ժամը 9:00-ից մինչեւ 21-00-ն երթուղի դուրս չեն գա քաղաքային ավտոբուսները, 10:00-ից մինչեւ 16:00-ը դեպոներում կմնան տրամվայները, չի իրականացվի նաեւ երկաթուղային հաղորդակցությունը:

 

 

Խարսխված կմնան նաեւ Համահունական ծովային ֆեդերացիայի նավերը:

 

 

Գործադուլին երկրի տարածաշրջանային օդանավակայանների ծառայողների մասնակցելու պատճառով չեղյալ Է հայտարարվել ներքին ավիացիոն չվերթերի մեծ մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: