Գինեսի ռեկորդների գրքի նոր հրապարակման մեջ մի շարք սպորտային ռեկորդներ են գրանցվել:
Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գրքում ընդգրկվել է՝ որպես Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (77):
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ստացել է միանգամից 4 վկայական՝ Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում ամենաշատ միավոր վաստակելու (95), Չեմպիոնների լիգայում տարբեր թիմերի հետ ամենաշատը հաղթելու, Անգլիայի առաջնությունում սեփական հարկի տակ ամենաշատ քանակությամբ խաղերում չպարտվելու (77), ինչպես նաև Չեմպիոնների լիգայում 100 խաղ անցկացրած ամենաերիտասարդ մարզիչը (49 տարեկան 12 օրական) լինելու համար:
Ռեկորդակիրների թվում է նաև Ֆրանչեսկո Տոտին (Չեմպիոնների լիգայում գոլ հեղինակած ամենատարեց խաղացող), Մարտին Էդեգորը (Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ամենաերիտասարդ խաղացող), Ռոժերիո Սենին (լավագույն ռմբարկու-դարպասապահ), Յայա Տուրեն (Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած ռեոկորդային շարք) և այլք:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ընգրկվել է Australian Open-ում տարած հինգ հաղթանակների համար, ինչը ռեկորդային է: Գրքում հիշատակվել է Australian Open-2012-ի Ջոկովիչի և Նադալի մասնակցությամբ ամենաերկար եզրափակիչը՝ 5 ժամ 33 րոպե:
Սերենա Ուիլյամսը գրքում ընդգրկվել է կանանց թենիսի պատմության մեջ ամենաբարձր մրցանակային գումար ստանալու համար, գրքում է նաև Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը: