Անթիվ-անհամար խորհրդակցություններ, PR' սոցցանցերում, հեռուստատեսությամբ, ռադիոյով. լավ, հայերի մի մասը, բայց ոչ երևանցին հավատաց, որ Երևանում ձյան մաքրման աշխատանքները բավականին լավ են իրականացվում, շատ լավ, ուղղակի խոսքեր չկան: Անշուշտ, փառք ու պատիվ Երևանի քաղաքապետարանին մարզերի և մյուս քաղաքների համեմատ. չէ որ գոնե Երևանում լուրջ ֆոտոսեսիա է իրականացվում: Այդ մասին գրելը կամ բարձրաձայնելն այլևս ժամանակի անիմաստ կորուստ է' նվազագույն առումով: Միևնույնն է, ձյունը գալիս է, ու փողոցներից այն վերանում է, երբ միայն հալչում է, դրա մասին խոսելն այլևս արդիական չէ, բայց…: Այս ամենը դեռ կարելի է հանդուրժել, դեռ կարելի է «Տարոն ջան, գեղեցիկ չէ, ինքդ էլ տեսնում ես»-ով հարցեր լուծել, բայց մինչև ե՞րբ: Մինչև այն պահը, երբ սեփական անձը վարկաբեկված, խայտառակվա՞ծ կլինի:
Օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանն իր հերթական նախընտրական քարոզարշավն էր իրականացնում, այս անգամ էլ սիրելի Սամվել Ալեքսանյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գրանցվեց հերթական զավեշտը: Սերժ Սարգսյանը հավանաբար քաջ գիտակցում էր, որ այդ համայնքում կարող են առաջանալ բարդություններ, չէ որ այդտեղ նա ընդամենը երրորդն է՝ Սամվել Ալեքսանյանից և Հիսուսից հետո: Հենց այդպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի' հազվադեպ հանդիպող չստացված քարոզարշավներից մեկը: Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը խոսեց թափուր աշխատատեղերի մասին' 150 հազար դրամ աշխատավարձով: Դե իհարկե, ներկաները զարմացան, որից հետո Սերժ Սարգսյանը նույնպես զարմացավ և հրճվանքով դիմեց հավաքվածներին' վաղվա պոտենցիալ ընտրողներին, էլի.
-Ուզում ե՞ք...
Այնուհետև ձեռքի հստակ շարժումով «իշմար տվեց» քաղաքապետին ու ասաց.
-Տարոն, խնդրեմ, ասա, թե քանի վարորդի կարիք ՈՒՆԵՆՔ:
Կանգնեց խուճապահար եղած Տարոն Մարգարյանը, ում թուքը երևի այդպես էլ կուլ չգնաց, և սկսեց.
-150 վարորդի աշխատատեղ ունենք, 200 աշխատատեղ ունենք կոմունալ ծառայություններում, խնդրեմ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, ցանկացողները դիմեն քաղաքապետարան:
Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը մատնացույց էր անում Տարոն Մարգարյանին, հիշեցնում նրա խոսքերը, իբր' տեսեք, տեսեք..
Բայց դե ազգն էլ «հո լրիվ ոնց որ չի խառնում սաղ», գտնվեցին մարդիկ, ի դեպ' լրագրողներ, ովքեր փորձեցին «աշխատանքի» անցնել վերոնշյալ թափուր աշխատատեղերում…
Իսկ արդյունքն այս էր՝ սպասեք: Ինչպես հաճախ ասում են դրան' «կռուտիտ»: Հետևաբար, երբ բարձր ամբիոններից են ստում, գրասենյակային աշխատողների «կռուտիտները» կանխագուշակելի պետք է որ լինեին։ Այս ամենից կարելի է գալ երկու հավանական եզրահանգման.
առաջին'՝նախագահը վստահ էր, որ կան այդպիսի աշխատատեղեր, այդ իսկ պատճառով էլ հաստատում էր Տարոն Մարգարյանի խոսքերը: Սակայն պարզվեց, որ աշխատատեղեր չկան, համենայնդեպս'գոնե ներկա պահին, հետևաբար պետք է որ այս դեպքին հաջորդի նկատողություն կամ պատիժ' սուտ տեղեկատվություն տարածելու համար,
երկրորդ'՝նախագահը տեղյակ էր, որ աշխատատեղեր չկան, սակայն ամբոխին բավարարելու համար տվեց պատասխան Տարոն Մարգարյանի միջոցով: Բայց այս տարբերակը այնքան էլ տրամաբանական չէ' հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հեռատեսությունը և «նյուխը»:
Այս պարագայում չի քննարկվում միայն աշխատատեղ լինել-չլինելու հարցը, այս գործընթացում ավելի կարևորն աշխատավարձի հատվածն է: Ստացվում է, որ անկախ աշխատատեղեր լինել-չլինելուց, անկախ նրանից, թե Տարոն Մարգարյանը այդ պահին ինչ կասեր, անգամ եթե ասեր այդպիսի աշխատատեղեր չկան, միևնույնն է, Սերժ Սարգսյանը թույլ տվեց նախընտրական քարոզարշավի հերթական սխալը, բայց ընդամենը հարաբերական սխալը, քանի որ այս անգամ ևս կարելի է դիտարկել տարբերակներ.
առաջինը՝ Սերժ Սարգսյանին ասվել էր, որ քաղաքապետարանի վարորդները ստանում են 150 հազար դրամ, բայց իրականում այդ գումարի կեսը ստվերային եկամուտ է: Այսինքն'Սերժ Սարգսյանին ճիշտ չեն ասել: Սխալի հնարավոր ճիշտ տարբերակը:
երկրորդ՝ Սերժ Սարգսյանը բոլոր անօրինականություններից տեղյակ է և հովանավորում է դրանք...
Այս բոլոր հնարավոր դեպքերում էլ ակներևն այն է, որ իշխանական բևեռում առկա է ստի, անվստահության, խաբեության… մթնոլորտը: Եվ ահա, ի վերջո, այս միջադեպը եկավ ապացուցելու այն, որ Սերժ Սարգսյանի համար բարդություններ չեն ստեղծում մյուս նախագահի թեկնածուները, այդ բարդությունը ինքն է ստեղծում, իր թիմն ու այդ թիմի ստորադասները: Ու պարադոքսն այն է, որ այսպիսի թիմի կարգախոսը «Ապահով Հայաստան»-ն է: Իհարկե, այս տեմպերով ապահով Հայաստան երբեք էլ չենք հասնի:
Գևորգ Ավետիսյան