Տոնական օրերից հետո նորից ակտիվանում են Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ խոսակցությունները: Եվ լրատվական դաշտ են իջեցվում տեղեկություններ, թե ՀՀԿ-ականները պատրաստվում են քաղաքապետի փոփոխություն կատարել: Նախ պետք է սկսել այնտեղից, որ Երևան քաղաքում ընտրություններ տեղի կունենան նախագահական ընտրություններից հետո, և այս պահին խոսել քաղաքապետի ընտրությունների մասին ուղղակի տեղին չէ: Որքանով որ պարզ է մամուլի որոշ հրապարակումներից, քաղաքապետի փոփոխության համար կա հավանական երկու տարբերակ' առաջինը, որ ՀՀԿ-ն ունի ավելի լավ թեկնածու քան Տարոն Մարգարյանն է և երկրորդն այն փաստը, որ ՀՀԿ-ն պատրաստվում է քաղաքապետի պաշտոնը զիջել ԲՀԿ-ին : Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը բավական մեծ հեղինակություն է վայելում քաղաքացիների շրջանում և, որ Տարոն Մարգարյանը իր պաշտոնում բավական լավ է աշխատում ու քաղաքը ունի տեսանելի առաջընթաց, անդրադառնանք այն երկու թվացյալ պատճառներին, ըստ որոնց, Երևանի քաղաքապետը առաջիկայում պետք է փոխվի:
Անդրադառնալով առաջին պատճառին՝ պետք է նկատել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանին վստահում է հենց ինքը' նախագահ Սերժ Սարգսյանը, և հենց նախագահն է առաջարկել Տարոն Մարգարյանի թեկնածությունը, իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանից լավ քաղաքապետի թեկնածու չկա: Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ը կազմը ինչ-որ փոփոխությունների չի ենթարկվել, և եթե լիներ մի այնպիսի գործիչ, որը ավելի էր արժանի Երևանի քաղաքապետ լինելուն, հենց նա կլիներ քաղաքապետը: Ինչպես արդեն հասցրել ենք հասկանալ Սերժ Սարգսյանի վարած կադրային քաղաքականությունից, նախագահը չի սիրում առանց լուրջ պատճառների կադրային փոփոխություններ կատարել, իսկ այն, որ պատճառ չկա Տարոն Մարգարյանին փոխելու կարիք չկա, արդեն բացահայտվածէ բոլորի համար:
Հաջորդը, ըստ հրապարակումների, քաղաքապետի փոփոխությունը կլինի այն պատճառով, որ ՀՀԿ-ն պատրաստվում է քաղաքապետի պաշտոնը հանձնել ԲՀԿ-ին: Զարմանալ կարելի է այսպիսի տրամաբանության վրա, եթե նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չի զգում ԲՀԿ աջակցության կարիք, և եթե նախագահը վերընտրվում է, ապա որն է իմաստը մայրաքաղաքի ղեկավարումը հանձնել ԲՀԿ-ին: Այնպես, որ կարելի է մի փոքր տրամաբանլ և ստանալ այս հարցրի պատասխանները առանց անիմաստ ենթադրությունների և մեկնաբանություննրի:

Հ.Գ. Ի դեպ ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույնպես կողմ է, որ քաղաքը ղեկավարի Տարոն Մարգարյանը: Ծառուկյանը հարգում է Տարոն Մարգարյանին և անգամ իր մերձավոր շրջապատում ասել է, որ եթե կարիք լինի անգամ կաջակցի Տարոն Մարգարյանին:

Բորիս Թամոյան