Եթե մինչ նախագահական ընտրությունները Հայաստանի ներքաղաքական գործընթացը ընթանում էր հիմնականում մեկ գծով, և առանցքում ՀԱԿ-ԲՀԿ դաշինքն էր ու ըստ այդմ՝ հետագա զարգացումները, ապա այսօր արդեն մի քանի շերտեր են առաջ եկել, որտեղ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ:

Մասնավորապես՝ առկա է նախագահական ընտրության քարոզարշավը, որի ակտիվ մասնակիցները խաղում են իրենց խաղը: Առավել հետաքրքրական է ներիշխանական վերադասավորումների առավելապես ստվերային գործընթացը, որը կարող է հրապարակային դրսևորումներ ստանալ նախագահական ընտրությունների ավարտից հետո:

Առայժմ այդ գործընթացը ստվերային է, քանի որ իշխանությունը հիմնականում զբաղված է նախագահական ընտրությունների քարոզարշավով: Երբ դա ավարտվի, ապա ներքաղաքական գործընթացի այդ զուգահեռը կդառնա երևի թե ավելի հրապարակային:

Այստեղ հավանական զարգացումներից է համարվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իշխող կոալիցիա վերադարձնելը: Հասկանալի է, որ Հայաստանում չնայած քաղաքական տրամաբանությունը հակասում է այդօրինակ զարգացմանը, այդուհանդերձ՝ հնարավոր է անգամ ամենաանհեթեթ տարբերակը, առավել ևս, որ իշխանության ներսում առկա է շահերի լուրջ բախում:

Մասնավորապես, ԲՀԿ-ի կոալիցիոն դարձով մեծապես շահագրգռված է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախագահական ընտրություններից հետո նրա համար ԲՀԿ-ն պահելը կենսական նշանակություն ունի, քանի որ ԲՀԿ-ով էլ հետագայում փորձելու է իրեն պահել իշխանության մեջ: Եթե ԲՀԿ-ն կամաց-կամաց կազմալուծվի և որպես գործոն հեռանա ասպարեզից, ինքնաբերաբար կվերանա Հովիկ Աբրահամյանի գործոնը իշխանական համակարգում, որը կառուցված էր առավելապես ներիշխանական երկու թևերի՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև կամրջի տեսքով:

Հովիկ Աբրահամյանն այստեղ անկասկած կփորձի դաշնակից փնտրել՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, որը արդեն իսկ ակնարկել է և, այսպես ասած, ոչ պաշտոնական վերլուծությունների տեսքով ցույց տվել, որ մտադիր է պայքարել 2017-18 թվականների «իշխանափոխանցման» համար:

Միևնույն ժամանակ, Աբրահամյանն այդպիսով կփորձի, իհարկե, ի վերջո որպես փոխզիջում ներկայանալ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև՝ իշխանությունը ժառանգելով 2017-18 թվականներին, թեկուզ դե յուրե՝ հուսալով, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի այն ամրագրել արդեն դե ֆակտո:

Այդ պայմաններում արդեն ԲՀԿ-ն, ըստ էության, «հեղափոխության» գործիքից վերածվում է պարզապես ներիշխանական հեղաշրջման գործիքի՝ լիովին զրկվելով հասարակական ռեսուրսից: Ի վերջո, «Բարգավաճ Հայաստան»-ի վերադարձը իշխանական կոալիցիա նշանակելու է այդ կուսակցության զգալի հեղինակազրկում հանրային լյումպեն շրջանակներում: Սակայն նրանք, ովքեր կփորձեն «կենդանի» պահել ԲՀԿ-ն, այդ հեղինակության կարիքը այլևս չունեն, քանի որ նրանց խնդիրը դառնում են զուտ ներիշխանական հարաբերությունները, որտեղ ԲՀԿ-ից արդեն այլ «որակներ» են պահանջվելու:

Միևնույն ժամանակ, այստեղ իհարկե՝ ԲՀԿ-ի համար առավել մեծանում է ռիսկը, որովհետև եթե «հեղափոխական» ԲՀԿ-ին ճզմելը Սերժ Սարգսյանի համար խնդիր էր, ապա «հեղաշրջող» ԲՀԿ-ի դեպքում նրա ձեռքերը արդեն շատ ավելի ազատ կլինեն: