Ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքի, ընտրողների հետ թեկնածուների հանդիպումների եւ շրջանառության մեջ դրված նախընտրական տեսահոլովակների վերաբերյալ մեր լրագրողի հետ զրույցում իր գնահատականն է տվել նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ներկայացնում ենք նրա հարցազրույցն ամբողջությամբ:
-Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
-Քարոզարշավի ընթացքը նորմալ եմ գնահատում, ինչպես եւ ասում էի, էդպես էլ լինում է, ես էլ բազմոցին նստած հետեւում եմ, մի խոսքով' գոհ եմ: Էն ծրագիրը, որը ես նախատեսել եմ, իր հունով նորմալ գնում է, ես միգուցե ժամանակից մի քիչ առաջ եմ ընկել, հաջորդ նախագահական ընտրություններին կտեսնեք, որ բոլոր թեկնածուներն իմ ձեւով կանեն:
-Վերջին օրերին տարբեր սոցիոլոգիական հարցումներ հրապարակվեցին, եւ դրանք փաստում են, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը Րաֆֆի Հովհաննիսյանն է, իսկ Ձեր անունը հայտնվել է վերջին հորիզոնականում, ինչո՞ւ:
-Ես չգիտեմ' ինչ են ներկայացնում, դե բնական է, որ իշխանությունը պետք է էդ քարոզարշավը անի, նորմալ է, ինչ ասեմ, արտաշեսգեղամյանների եւ արթուրիկբաղդասարյանների աթոռը երբեք դատարկ չի մնում, արհեստականորեն սարքած թեկնածուներ են, պետք է իշխանություններն ամեն ինչ անեն: Մի ժամանակ էլ հարցումներ արեցին, առաջին տեղում Գագիկ Ծառուկյանն էր, հետո պարզվեց, որ չի մասնակցում ընտրություններին:
-Այսինքն' դեռ այն համոզմանն եք, որ առաջիկա ընտրություններում հաղթանակը միանշանակ Ձե՞րն է լինելու:
-81 տոկոս, որեւէ բան չի փոխվել, թե՞ Ձեզ թվում էր, որեւէ հարցում իմ մոտ պետք է տրամադրություն փոխի:
-Իսկ եթե ստացվի այնպես, որ չհաղթե՞ք:
-Չկա նման տարբերակ:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ վերեւում Աստված կա:
-Շրջանառության մեջ են դրվել Ձեր մրցակցի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակները, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:
-Նախագահին վայել հոլովակ չէր, հիշեցնում էր որեւէ երիտասարդ երգչի, կամ երգչուհու երաժշտական կլիպ, ավելի կոնկրետ' կարմիր, կապույտ, ծիրանագույն երգի կլիպը: Կարող էր ցույց տալ որեւէ գործարանի թողարկում, որը աշխատեց այս 5 տարիների ընթացքում, բայց ի՞նչ ցույց տար խեղճ մարդը, Սյունիքում մի հատ հիվանդանոց ԱԺ ընտրություններին բացեցին, հիմա էլ կբացեն, հետո էլի կբացեն, բան չունի ցույց տալու, երիտասարդները վազվզում են ուրախ ժպիտներով, երջանիկ երկրում ենք ապրում, դա պետության ղեկավարի կլիպ չի:
-ԲՀԿ-ական որոշ գործիչներ այս ընթացքում հայտարարեցին, որ պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նրան են ընտրելու, Ձեզ համար դա սպասելի՞ էր:
- Ասել եմ ու կասեմ' ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է: Էն ժամանակ, որ ենթադրում էին, որ կառաջադրվի, ես ասում էի, որ դուստր ձեռնարկությունն է, ու Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի, բա ո՞ւմ պտի սատարի, չսատարի' մեկ շաբաթ հետո բոմժ կդառնա:
-Գագիկ Ծառուկյա՞նը: Ձեր կարծիքով անկախ իր հայտարարությունից ԲՀԿ առաջնորդն, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին կսատարի՞:
-Այո՛, ե´ւ ներքուստ, ե´ւ ամեն ինչով, ինչի՞ մասին է խոսքը, Գագիկ Ծառուկյանը, որ կուսակցության իշխանության ժամանակ է միլիարդատեր դառել' դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Հերմինե Մկրտչյան