Հունվարի 14-ին ավարտվեց նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը: Եկավ պահը համակերպվելու. վե՛րջ, ունենք այն, ինչ ունենք:
2013 թվականի նախագահական ընտրություններում նախագահի ութ թեկնածու կա՝ լավն են նրանք, թե վատը, արդեն էական չէ համենայդեպս այժմ, երբ հայտնի է առանց մրցակիցների պայքարի առաջատարն ու ֆավորիտը, ինչպես կասեր ֆավորիտի կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կանխատեսելին ձևական անկախատեսելիում»՝ համենայնդեպս այսպիսին գոնե պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար առաջիկա նախագահականը՝ հետո ինչ, որ քաղաքացուն արդեն հայտնի է եկող 5 տարիների իշխանության ղեկավարը:
Սակայն ինչպե՞ս ստացվեց, որ եղավ այսպես՝ դաշտից հեռացան պայքարողները: Շախմատային տրամաբանությամբ գերազանց խաղ Սերժ Սարգսյանի կատարմա՞մբ, թե՞ տախտակի ֆիգուրներն այս անգամ ինքնուրույն փայլեցին իրենց ողջ շքեղությամբ...
Փայլեց Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ ԱԺ նախագահը և Գագիկ Ծառուկյանի խնամին: 2012-ի դեկտեմբերի ամենահակասական իրականությունը, սակայն, մտածված էր և վաղուց պլանավորված խնամու և նախագահի կողմից: Դրդապատճառը՝ ուրույն դերը քաղաքական պլատֆորմում չկորցնելու մոլուցքը և աճելու ահագնացող ցանկությունը: Նախ, Հովիկ Աբրահամյանն անուղղակի ձևով ստեղծեց Սերժ Սարգսյանի մրցակցին: Այդ երկարատև պրոցեսի ընթացքում Գագիկ Ծառուկյանը, մտնելով մրցակցի կերպարի մեջ, ինչպես նաև տիրապետելով 500 հազար քվեի, հասավ անգամ Բրյուսել, ունեցավ հանդիպումներ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ, իսկ ամենակարևոր պահին՝ եզրափակիչ փուլում, խնամին փշրեց խնամու՝ Գագիկ Ծառուկյանի այնքան նվիրական և, հնարավոր է, նաև հեռանկարային ծրագրերն ու նպատակները՝ ներկայացնելով այն բոլոր սանկցիաները, որոնք կկիրառվեն իր դեմ սեփական թեկնածությունն առաջադրելուց անմիջապես հետո՝ արդարացնելով իշխանությունների սպասելիքները:
ԱԺ նախագահի աթոռից՝ ՀՀ վարչապետի աթոռին: Ապահովված է Հովիկ Աբրահամյանը վարչապետի աթոռով, թե ոչ՝ կորոշի նախագահը, համենայնդեպս իր պարտականությունները Հովիկ Աբրահամյանը, ինչպես կասեն ռուսները, կատարեց «на сто»: Այժմ քայլ կատարելու հերթը Սերժ Սարգսյանինն է՝ թողնել վարչապետի պաշտոնում «հլու հնազանդ» Տիգրան Սարգսյանի՞ն, ում գլխին կարելի է կոտրել ամեն ինչ բառի բուն իմաստով, թե՞ խաղային ավելի բարձր մակարդակով Հովիկ Աբրահամյանին նշանակել այդ պաշտոնում: Բայց երկրորդ դեպքում նախագահը լավ պետք է գիտակցի, որ Հովիկ Աբրահահամյանի՝ վարչապետի պաշտոնում լինելու դեպքում այլևս չեն կրկնվի սեպտեմբերյան խորհդակցությունները, որոնց ընթացքում կհնչի Հովո անունը: Բացի այդ, արդեն երկար ժամանակ է՝ խոսվում է Հովիկ Աբրահամյանի շռայլությունների մասին: Իհարկե, խոսքն իր ֆինանսների առատության մասին չէ, այլ ՀՀ պետբյուջեյից անհետացող փողերի, այսինքն եթե դեռ զբաղեցնելով ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը այսօր նմանօրինակ խոսակցություններ կան, ապա վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո այն կարող է հանգեցնել ժողովրդի դժգոհությանը, ինչը, չնայած ոչ մի էական փոփոխության չի բերի, միայն կստվերի նախագահի կառավարությունը:
Որքա՞ն հեռուն կարող են գնալ Հովիկ Աբրահամյանի պլանները: Որտեղից՝ ուր, ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԺ նախագահը: 1996-1998 թթ. եղել է Արտաշատի քաղաքապետ: 1998-2000 թթ. Արարատի մարզի մարզպետ: 2000-2008 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ. ՀՀ փոխվարչապետ: Այնուհետև՝ 2008 թվականի ապրիլից ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար: 2008 թվականի սեպտեմբերից ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
Եվ նորից հարցը՝ որքա՞ն հեռուն կարող են գնալ Հովիկ Աբրահամյանի պլանները: 2018 թվական... Նախագահական ընտրություններ, այլևս կբացակայի Սերժ Սարգսյանը ով կփոխարինի նրան…
Միշտ, և ինչպես կասեր ՀՀ առաջին նախագահը, հաղթում է զուսպը: Սպասենք՝ ակնկալելով փոփոխության մոլուցք:
Գևորգ Ավետիսյան