ՀՀ երրորդ հանրապետության անկախության հռչակման օրվանից սկսած՝ ՀՀ արտգործնախարարությանը՝ որպես պետության հիմքում ընկած կարևորագույն կառույցի մինչև այսօր էլ չի հաջողվում կայանալ և լուծել պետության համար հիմնական համարվող խնդիրներից և ոչ մեկը: Այս երկար ու ձիգ 22 տարիների ընթացքում՝ 1991-ից սկսած, նախարարի պաշտոնում իրար են փոխարինել մի շարք գործիչներ՝ սկսած Րաֆֆի Հովհաննիսյանից՝ վերջացրած ներկայիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանով, սակայն արդեն շուտվանից ակներև է, որ ոչ մի կարևոր փոփոխություն արտաքին քաղաքականության ճակատում չի գրանցվել:
Իսկ ինչո՞վ է այս ամենը պայմանավորված՝ հայկական դիվանագիտական չափից դուրս վատ ժառանգությա՞մբ, թե՞ պատմության ընթացքում պետական կառույց ստեղծելու տգիտությամբ:
Նախ՝ մինչ այսօր, չնայած նրան, որ ԱԳՆ-ն բազմիցս ներկայացրել է երկրի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդիրների առընչությամբ, միևնույն է, անզոր է դե յուրե հաստատել Արցախյան ազատագրական պայքարում ձեռք բերված դժվարին հաղթանակը, որի իրագործելիությունից կբխեն ներկա փուլի բոլոր հիմնախնդիրների լուծումները: Սակայն, ինչպես միշտ, ոչ էֆեկտիվ պայքարը, հատկապես՝ ԼՂՀ հակամարտության հարցում, հատկանշական է մեր ԱԳՆ-ի համար. այսօր էլ Արցախը բանակցային գործընթացներում բացակայում է որպես լիիրավ կողմ։ Բացի այդ, կառույցը միջազգային ասպարեզում հստակ և գրագետ անկարող է ներկայացնել և պահանջել ԼՂ անվտանգության միջազգային երաշխավորվածությունը, որն անդադար խախտում է Ադրբեջանը՝ խախտելով մի շարք միջազգային նորմեր, և վերջապես՝ դրսից երկրի վզին մինչ այժմ էլ փաթաթվում են ԼՂ հարցում կարգավորման նախագծի բանաձևեր, որոնք սպառնում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ազգային անվտանգությանը։ Չնայած այդ փաստին, հենց այդ բանաձևերի կոնտեքստում են ընթանում գործընթացները, փոխանակ նրա, որ ԼՂՀ հարցի լուծման գործընթացում ԱԳՆ-ն հենվի 1920 թվականի փետրվարի 24-ի Ազգերի լիգայի խորհրդի որոշման վրա, որի տակ ստորագրել են Բրիտանական Կայսրության, Իտալիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները: Ըստ այդմ՝ որոշվում էին հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանները, այլ կերպ ասած՝ դա ապահովում է ինքնորոշման սկզբունք: Այդ փաստաթղթով ոչ միայն ԼՂՀ-ն, այլև Դաշտային Ղարաբաղը պետք է անցներ Հայաստանին: Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը ոչ մի միջպետական իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չունի՝ բացի 1921-ի հուլիսի 4-ին Թբիլիսիում ՌԿԿ Կովկասյան Բյուրոյի հրավիրած լիագումար նիստում Ստալինի անմիջական միջամտությամբ ընդունված որոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղն ընդգրկվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ: Սակայն այս որոշումը, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը, համարվում են ներպետական ԽՍՀՄ շրջանում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի համար, իսկ անկախացումից հետո հարցի միակ լուծման տարբերակը հիմնված էր միջպետական փաստաթղթի վրա:
ԱԳՆ գործունեության տրամաբանությունը քննելիս հայկական սփյուռքի առկայությունն ամենուրեք անհնար է ուղղակի չնկատել (իմիջայլոց, սա նորաստեղծ Սփյուռքի նախարարության վաստակը չէ). Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող և ոչ մի պաշտոնատար անձի չի հաջողվել արժանի ձևով ներկայացնել երկրի շահերը, իսկ այն բացառիկ դեպքերում, երբ առկայծումներ են եղել միջազգային հարաբերություններում, միշտ իր դերակատարումը դրանում ունեցել է հենց սփյուռքը։ Այսպես օրինակ՝ Ադրբեջանի կողմից բավականին գրագետ ձևով հայաթափված Նախիջևանում (ի դեպ, դրա դեմն առնել նույնպես չստացվեց) անխնա կերպով վերացվում էին Ջուղայի արժեքները՝ խաչքարերն ու եկեղեցիները։ Այդ ժամանակ նույնպես ԱԳՆ-ն չխոսեց, երբ կային փաստացի ապացույցներ՝ տեսագրություններ, նկարներ: Լռեց Վարդան Օսկանյանը, լռեց ողջ ազգը, արդյունքում ոչնչացվեցին պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ և կոթողներ: Ու լռում են ցայսօր: Իսկ այն արդյունքներն էլ, որ ստացվեցին, հարցին միջազգային հնչեղություն տալու շնորհիվ էին, որի հեղինակներն էին հայկական սփյուռքի միջազգային կառույցները:
Անդրադառնալով հայերիս համար մյուս կարևորագույն խնդրին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացին, որով հենց պետք է զբաղվեր ՀՀ ԱԳՆ-ն, փաստում ենք՝ լավագույն տարիներն արդեն հետևում են, այժմ այն վերածվել է երկրորդական մի ձևական խնդրի, որը սահմանափակվում է 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների կառուցմամբ աշխարհի տարբեր երկրներում: Այն մերթընդմերթ բավականին երկար ժամանակահատված, այն է՝ 1 տարի՝ ապրիլի 24-ից ապրիլի 24-ը, մոռացության է մատնվում, իսկ իրականության ապացույց որպես այդպիսին ԱԳՆ-ն համարում է Ցեղասպանության ճանաչման տարբեր երկրների կողմից ստորագրվող փաստաթղթերը, որոնք իրենք իրենցով Հայաստանի Հանրապետությանը կախվածության մեջ են գցում մեկ այլ՝ երրորդ երկրից:
Այդուհանդերձ մոտենում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, թեման ցավալի է, սակայն այն կարծես վրիպել է հասարակության տեսադաշտից, միայն հայտնի է, որ ստեղծվել է տարելիցին նվիրված պետական հանձնաժողով, որը նախորդ տարվա սեպտեմբերին գումարեց II-րդ նիստը, և որը նախագահում էր Սերժ Սարգսյանը: Ընդամենը այսքանը, 2 տարի հետո՝ կարևորագույն իրադարձություն հայերիս համար, սակայն դեռևս ոչ մի արձագանք և ոչ մի նախագիծ դրա հետ կապված, այս ամենն արդեն շատ շուտվանից մտածելու առիթ է տալիս,... մտածողները մտածում են, իսկ գործողները քնած են էշի ականջում...
Այսօր, ինչպես Ղարաբաղյան հարցի լուծումն է հիմնված միջպետական փաստաթղթի վրա, այնպես էլ Ցեղասպանության ճանաչման գործընթացում ի ցույց պետք է ունենալ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում Թուրքիայի սուլթանական կառավարության և առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև ստորագրված պայմանագիրը՝ նաև ի նկատի ունենալով ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. ըստ այդմ՝ Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդն այսօր Թուրքիայի հանրապետությունն է, պարտավոր էր ճանաչել Հայաստանի անկախությունը, և ամենակարևորը՝ ընդունել այն սահմանները, որոնք որոշվել էին: Հայաստանին էին անցնում Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթները, իսկ Տրապիզոնի վիլայեթով Հայաստանը ելք էր ստանում դեպի ծով: Իսկ այս ամենի ազդեցությունը ներկայիս քաղաքական զարգացումների վրա այնքանով է նշանակալի, որքանով որ այսօր Թուրքիան ճանաչված պետություն է և միջազգային իրավունքի սուբյեկտ, որով և պարտավորվում է ճանաչել իր նախորդների կողմից արձանագրված փաստերը: Եվ վերջապես, Կարսի պայմանագիր, որն ուսումնասիրելիս շատ հանգիստ կարելի է արձանագրել, որ այն հենց թուրքական կողմից է խախտվել: Կարսի պայամանագրով Հայաստանը կորցրեց ահռելի տարածք՝ 24 հազար ք/կմ, ինչպես նաև Նախիջևանը դարձավ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի հովանու ներքո: Եվ այս ամենից զատ, այդ պայմանագրով նախատեսվում էր, որ Հայասատնը հրաժարվում է Սևրի պայմանագրից: Ըստ այդ պայմանագր՝ ձևավորվեց այսօրվա հայ-թուրքական սահմանը, որն անցնում է Ախուրյան-Արփաչայով: Եվ վերջապես, այդ պայմանագիրն իրավական ուժ չունի, քանի որ կնքվել է երկու չճանաչված ռեժիմների կողմից և Խորհրդային Ռուսաստանի ներկայությամբ, այլ ոչ թե մասնակցությամբ: Պայմանագրի վերաբերյալ մտորումները հակասական են, դրանից բխող գործողությունների վերաբերյալ՝ նույնպես, սակայն այս իրողությունը միանշանակ կարող է հանդիսանալ մեխ, որից կառչելը կարող է բերել որոշակի առումով ցանկալի արդյունքների:
Սակայն այս հարցում նույնպես ՀՀ ԱԳՆ-ն մատը մատին չի տալիս։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ ռուսական հեռուստաալիքներով Հայաստանը վարկաբեկող հայտարարություններ են արվում, իսկ արձագանք չկա, երբ միևնույն ժամանակ մեր հարևան երկրի Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքում է ցանկացած նմանատիպ միջադեպերի:Հարց՝ այդ պարագայում ինչո՞վ է զբաղվում ԱԳՆ-ն, զբաղվո՞ւմ է արդյոք ինչ-որ բանով, իհարկե՝ ո՛չ՝ բացառությամբ ճանաչողական բնույթ կրող PR ակցիաների, որոնք պարոն Նալբանդյանն իրականացնում է Լատինական Ամերիկայի երկրներում՝ Մեքսիկայում, Գվատեմալայում, Կոստա Ռիկայում…: Իսկ դրան զուգահեռ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիա, որը արդյունք էր միմիայն այդ հարցում ՀՀ ԱԳՆ անհետևողականության: Ամիսներ են անցել ու մինչ օրս էլ, մարդասպանը վայելում է ազատությունը, անգամ հերոսի կոչում է ստացել, իսկ երկրի անզորությունն այդ հարցում ուղղակի ապշեցնում է: ԱԳՆ-ն ուղղակի անկարող է միջազգային կառույցներին ստիպել, եթե ոչ, ստիպել գոնե կառույցների ուշադրությունը բավարար չափով հրավիրել մարդկության դեմ իրականացված հանցագործության վրա, և վերջապես ԱԳՆ-ն անկարող է այդ լուրջ ու կարևոր հանգամանքը ԼՂՀ հարցում օգտագործել հօգուտ մեզ:
Հետաքրքրականն այն է, որ այս ամինց զատ՝ հենց իշխանություններն են իրենց գործողություններով փաստում այն, որ ԱԳՆ-ն ոչնչով չի զբաղվում, իսկ եթե ոչնչով չի զբաղվում, այդ դեպքում ինչո՞ւ տրամադրել նախարարությանը կառավարության 2-րդ մասնաշենքը, եթե դրա վաճառքից կարելի է միլիոններ, եթե ոչ միլիարդներ աշխատել: Հենց այս սկզբունով էլ առաջնորդվում ենք. ոչ վաղ անցյալում հայտարարվեց, որ ԱԳՆ շենքը վաճառվում է ՝գնորդներ կան, իհարկե, առաջնահերթ արգենտինահայ Էռնեստո Էռնեկյանը որոշեց այն ձեռք բերել, բայց քանի որ կառավարությունը համարեց, որ կարելի է ավելի բարձր գնով այն իրացնել, որոշեց երկրորդ անգամ նույնպես աճուրդ իրականացնել:
Այս պարագայում մեզ մնում է միայն սպասել աճուրդի արդյունքներին, այն էլ միմիայն այն նպատակով, թե մայրաքաղաքի գլխավոր հրապարակում ինչ կկառուցվի…
Վերջերս վերոնշյալ մասնաշենքում տեղի ունեցան Դիվանագետների դպրոցի քննությունները, ասել է՝ թե «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ. դասընթացի մասնակցության մրցույթ: Իսկ թե ոնց այն անցավ, ուղղակի անիմաստ կլինի նկարագրել, կարելի է միայն նշել այն, որ դիմորդները նախօրոք, ըստ կարգի չիմանալով քննությանը տրվող թեմաները, հասցրել են արտագրել հենց քննությանը, թեմաները նախօրոք ասվել են ընտրյալ դիմորդներին: Հենց այսպիսին է նաև ԱԳՆ-ի պատկերացրած դիվանագիտությունը. ովքե՞ր են ապագայում զբաղվելու երկրի հիմնարար խնդիրների լուծմամբ, մի՞թե հենց այն նույն դիմորդները, ովքեր արտագրում էին քննությանը… Իսկ հետաքրքրականն այն է, որ նախապես հայտարարվել է, որ դասերն անցկացվելու են Կառավարության 2-րդ շենքում, իսկ եթե այն վաճառվի, ուսանողները դուրսը կմնա՞ն:
Այս ամենից միայն մի կարևոր հարցադրում՝ արդյոք սա՞ է այն «կառույցը», որը պետք է զբաղվի երկրի ապագայի կարևորագույն խնդիրների լուծմամբ միջազգային ասպարեզում, իհարկե՝ ո՛չ, լավագույն տարբերակը կլինի լուծարել ԱԳՆ-ի ողջ աշխատակազմը, որից հետո ստեղծել իրական մտավորականներով հագեցած նախարարություն, որն ի զորու և ի վիճակի կլինի լուծել իրական խնդիրներ Ազգի համար:
Գևորգ Ավետիսյան