Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական դրույթների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը:
Հարց: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ դեսպան Հոգլանդի հրապարակած կետերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Պատասխան: Ես այսօր արդեն առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին և նշել եմ, որ դրանք, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները:
Հարց: Այսինքն, Հոգլանդը բառացի կրկնո՞ւմ է այդ դրույթները:
Պատասխան: Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների և հայտարությունների միջոցով, մասնավորապես, նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը:
Իմիջիայլոց, բացի հիմնահարցի կարգավորման վեց տարրերից, եռանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների հայտարարությունները, որպես հակամարտության կարգավորման հիմք, հղում են կատարում նաև միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը:
Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները` ձևացնելով, թե դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Այսպիսով, Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին:
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հիմնահարցի կարգավորման շուրջ մտացածին սցենարներ է հորինում, կարգավորման ինչ-ինչ տարրեր է մոգոնում, և եռանախագահների շարունակական հայտարարությունները գալիս են կրկին վերահաստատելու, որ այդ մտավարժանքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն:
Իր այս վերջին մեկնաբանության մեջ Հոգլանդը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման տարրերի թվարկումը սկսում է կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից, որն իրավական պարտադիր ուժ պետք է ունենա` ներառյալ Ադրբեջանի համար:
Բաքվի համար սովորական երևույթ է դարձել հետ կանգնել նախկինում ձեռք բերված համաձայնություններից և դա վերաբերում է ոչ միայն հիմնահարցի հանգուցալուծման գործընթացին, այլև վստահության ամրապնդման միջոցառումներին: Մասնավորապես, Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ևս մեկ անգամ պահանջում էր իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են դրանք իրականացնելու պատրաստակամություն, մինչդեռ Ադրբեջանը` հրաժարվում է, հետ է կանգնում իր ստանձնած հանձնառություններից:
Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը` ուղղված ադրբեջանաղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։