Հերթական ձյունը մեր և Ձեր սրտի մայրաքաղաք Երևանում. այս անգամ էլ այն անսպասելի չեկավ՝ կյանքում առաջին սիրո Գալուստի պես: Սակայն, ինչպես միշտ, այս հանգամանքը ևս թույլ չտվեց քաղաքացիներին՝ վարորդներին և հետիոտներին, մարդավայել ձևով տեղաշարժվել Երևանի մեծ ու փոքր փողոցներում և մայթերում: Բայց դե «ինչպես միշտ»-երի հաջորդականությունը շարունակելով՝ ասենք, որ, ինչպես միշտ, քաղաքացիների թրջված և ցեխոտված վիճակը չխանգարեց Երևանի քաղաքապետարանին կայքում ստեղծված անհարմարությունների վերացման մասին բազմաբովանդակ նյութ տեղադրել, որոնցում արծարծված են մտքեր մեքենաների մակնիշների, քանակի, ինչպես նաև աղ ու ավազի քանակի մասին, և այդ ամենն ուղեկցվում է մեքենաների գեղեցիկ նկարներով:
Ստեղծված անհարմարություններ. ահա այսպես է քաղաքապետարանը բնութագրում Երևանի փողոցներում շղթայական բնույթ կրող ավտովթարները, արդեն լճացմանը մոտեցող «գյոլերը» և կանգառներում ու անցումներում կուտակված ձյան «պարիսպների» վերածվող ցեխակույտերը:
Ուղղակի անհարմարություններ. մարդիկ այս արտահայտությունն են հիշում ամեն անգամ, երբ երթուղայիններից՝ գազելներից և ավտոբուսներից, ստիպված են լինում 2 մետրանոց ցատկ կատարել՝ մեծ ջանքեր գործադրելով բարեհաջող վայրէջք կատարելու համար, ինչից հետո էլ բալետ պարողին բնորոշ քայլքով ստիպված են լինում մի քանի մետր էլ ոտնաթաթերի վրա ցատկոտել՝ «ցամաքային գոտի» հասնելու համար:
Իսկ արդեն մասսայականություն վայելող ավտովթարներն էլ իրենց հերթին գալիս են ապացուցելու, որ քաղաքապետարանի՝ ստեղծված անհարմարությունները վերացնելուն ուղղված մամլո հաղորդագրությունը՝ տեղադրված քաղաքի կայքում, ոչ մի կերպ չի շտկում այդ վիճակը. այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում, մասնավորապես՝ Ուլնեցու փողոցում, իրար են բախվել մեկ տասնյակից ավելի մեքենաներ, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված՝ մեքենաների՝ ձյան մեջ արգելափակումների, կողաշրջումների ու վթարների մասին իրար հաջորդող լուրերի մասին խոսելն անգամ ավելորդ է:
Այս պարագայում առաջանում է մի ֆենոմենալ, պարադոքսալ երևույթ՝ քաղաքապետարանը բարձրաձայնում է իր կատարած ձնամաքրման աշխատանքների մասին, իսկ ավտովթարները հետևում են մեկը մյուսին: Այսինքն՝ այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ վարորդները շփոթմունքի մեջ են, սակայն շփոթմունքի մեջ են տեղացած ձյան պատճառո՞վ, թե՞ փողոցների ձյան օպերատիվ մաքրման, ինչը, իհարկե, նայելով նրանց դեմքին, կդասես նվազագույնը անհավանականների շարքին:
Գևորգ Ավետիսյան