Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ։
«Հարգելի գործընկերներ: Քանի որ արդեն իսկ պատասխանել եմ շուրջ 40 հեռախոսազանգի և, ենթադրում եմ, կարող է ևս 40 հեռախոսազանգ լինել, ապա գերադասելի եմ համարում այս պահին իմ ունեցած տեղեկատվությունը տեղադրել այստեղ: Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի: Պարոն Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու: Ընդամենը: Խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության տարածումը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից շնորհակալ եմ իմ բոլոր այն գործընկերներին, որոնք զանգահարել են, տեղեկությունը ստուգել են և հետո են միայն հրապարակել այն:
Միշտ ձեր»,–գրել է Սարդարյանը: