ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները չեն ընթանում, քանի որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան լուրջ հարված հասցրեց այս գործին: Այս մասին այսօր Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

 

Էդվարդ Նալբանդյանը նշեց՝ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով՝ իսկ Ադրբեջանն՝ այլ։

 

Նա ասաց, որ բանակցային գործընթացը հետ մղվեց, և հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահողները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են իրենց ջանքերը համապատասխան պայմաններ ստեղծելու համար, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել. «Բանակցային գործընթացին այլընտրանք չկա, սակայն պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»,- հավելեց ՀՀ արտգործնախարարը։
«Ադրբեջանն իր ուզած ձևով է ներկայացնում բանակցային գործընթացը և գլխիվայր է շրջում ամբողջը, միայն մեկ կամ երկու կետի մասին է խոսում՝ ձևացնելով, թե միայն դրա մասին է խոսվում»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը։

 

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին ներկա պահին խոսք չկա։ Եթե լինի այդպիսի նախաձեռնություն, մենք հանրությունից գաղտնի չենք պահի, ամեն ինչի մասին բացեիբաց կասենք։ Ադրբեջանն է, որ ամեն ինչ իր ուզած ձևով է ներկայացնում։ Ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցությունների, այլ ոչ թե ձևացնի, թե պատրաստ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ներկա պահին խոսվում է միայն եռանախագահների հանդիպման մասին։