Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցության հաստատմանը: Դեկտեմբերի 12-ին ԱԳՆ-ում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ սա Հայաստանի դիվանագիտությունն է, որն անփոփոխ է մնում տարիներ շարունակ: Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է համագործակցություն հաստատել, երբ այդ երկիրը պատրաստ կլինի առերեսվել պատմությանը, առաջ շարժվել և ընդունել Հայաստանի մեկնած ձեռքը:

 

«Կարելի է համագործակցություն հաստատել այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան: Արդյո՞ք կարելի է համագործակցություն հաստատել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություն հաստատել, որը փակ է պահում սահմանն ու ագրեսիվ ժխտողական քաղաքական դրսևորումներ է արտահայտում հայ ժողովրդի նկատմամբ: Այդ երկիրը պետք է առերեսվի սեփական պատմությանն ու առաջ շարժվի' կատարելով պարտավորություններն ու լսելով միջազգային հանրության կարծիքն այն մասին, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցությաբ և Հայաստանի կողմից պարզած ձեռքն ընդունի, ապա հնարավոր է այդ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջևդիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

 

2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: