Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում սատարելու մասին որոշումը, որ կայացրել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիսանում է հերթական հարվածը, որ ստանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Այստեղ, իհարկե, աբսուրդի թատրոն է՝ Բալասանյանը որպես կուսակցական հարգում և հնազանդվում է ոչ մեկին չսատարելու մասին կուսակցության որոշմանը, իսկ որպես Գյումրիի քաղաքապետ սատարում է Սերժ Սարգսյանին: Նման բան երևի միայն ԲՀԿ-ում է հնարավոր, և Սամվել Բալասանյանի օրինակով ի ցույց է դրվում Հայաստանում խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը գրաված կուսակցության քաղաքական անլրջությունը: Այսինքն՝ ոչ միայն ԲՀԿ-ում առնվազն երկփեղկվածությունը և երկիշխանությունը, կամ ավելի շուտ եռիշխանությունը՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, այլ նաև «Բարգավաճ Հայաստանի» աբսուրդայնությունը զուտ բովանդակության տեսակետից:
Սա «Բարգավաճ Հայաստանիե արժեզրկման գործընթացի շարունակությունն է: ԲՀԿ-ն նախ արժեզրկվեց կոալիցիոն հուշագրի համատեքստում, երբ հանդես գալով գրեթե արմատական դիրքերից, չմասնակցելով խորհրդարանական ընտրություններից հետո կազմված կոալիցիային' ԲՀԿ նախագահն, այնուամենայնիվ, այդպես էլ համարձակություն չունեցավ հստակ հայտարարել կոալիցիոն հայտնի հուշագրից դուրս գալու մասին, որով պարտավորվել էր սատարել Սերժ Սարգսյանին նախագահական ընտրությանը: Հետո ԲՀԿ-ն արժեզրկվեց արդեն բուն ընտրական գործընթացում, երբ գրեթե ամբողջ աշխարհով,- համենայնդեպս մինչև Եվրոպա՝ Բրյուսել,- ներկայացավ որպես նախագահական ընտրությունների արժանի մասնակից, բայց մեկ էլ հանկարծ հրաժարվեց առանց որևէ քաղաքական, տրամաբանական բացատրության: Իսկ հիմա էլ ԲՀԿ-ն արժեզրկվում է Սամվել Բալասանյանի որոշմամբ՝ չկարողանալով որևէ կերպ քաղաքական գնահատական տալ որոշմանը և ստիպված լինելով մտածել աբսուրդային արդարացումներ:
Եթե փորձենք փոքր-ինչ առավել լայն կոնտեքստում դիտարկել տեղի ունեցողը, ապա կարծես թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի հանդեպ իր գործողություններով վերանայում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այսինքն՝ երկրորդ տեղում հայտնված ուժը, փաստորեն, դառնում է զավեշտի առարկա՝ Գյումրիի պարագայում: Միևնույն ժամանակ, եթե նկատենք, որ լուրջ խմորումներ են գնում ՀԱԿ-ում, և չի բացառվում, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության միասնականության հարց առաջանա, կարող ենք արձանագրել, որ փաստացի նաև երրորդ տեղում հայտնված ուժն է բավական նկատելի տրանսֆորմացիաների ենթարկվում:
Թե ինչի համար է Սերժ Սարգսյանին անհրաժեշտ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայումը, առայժմ կարծես թե այնքան էլ պարզ չէ: Չի բացառվում, որ նա այդպիսով փորձում է պատասխանել ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին, որոնք նրա հետ սկսած խաղն, այսպես ասած, կիսատ թողեցին և «լեգիտիմացնելով» խորհրդարանական ընտրությունները, նախագահական ընտրության պարագայում նույնն անելու քայլից հրաժարվեցին, երևի թե խախտելով Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունը: Սարգսյանը հավանաբար հենց այդ պատճառով էլ ի պատասխան վերանայում է պայմանավորվածությունների խորհրդարանական մասը, համենայնդեպս, այսպես ասած, բարոյական տեսանկյունից, երբ ստատուս քվոն դե յուրե կմնա նույնը, բայց այլևս բոլորովին այլ աուրայով և ընկալվածությամբ, երբ ԲՀԿ-ին այլևս որևէ մեկը կիսալուրջ անգամ չի ընդունի, իսկ ՀԱԿ-ը կմնա միայն դե յուրե, իսկ դե ֆակտո այն կլինի մասնատված խմբակցություն:
Միևնույն ժամանակ, խորհրդարանական ներկայիս ստատուս քվոյի պարագայում երկրորդ ուժ հանդիսացող ԲՀԿ-ի վարկաբեկումը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է 2017-18-ի հնարավոր զարգացումների կոնտեքստում: Մասնավորապես, հավանական սցենարներից մեկն այն է, որ Սարգսյանը կարող է որոշել անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի և այդպես պահպանել իր իշխանությունը, ինչի ցանկությունը նա անկասկած ունի: Այդ պարագայում, Սերժ Սարգսյանը պետք է փորձի հնարավորինս ձեռնածու դարձնել ԲՀԿ-ն, այսպես ասած կամազրկելով այդ կուսակցությանը, զրկելով հանրային հենարանից անգամ մարգինալ ընտրազանգվածի շրջանակներում, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» չլինի լուրջ մրցակից 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում և չխանգարի Սերժ Սարգսյանին հերթական անգամ բացարձակ իշխանություն ապահովել ՀՀԿ-ի և իրեն լոյալ ուժերի համար: ԲՀԿ-ն զիջեց 2012-ին, բայց զիջեց միայն մտքում՝ ունենալով 2018-ի հեռանկարը: Այսինքն՝ ԲՀԿ-ն ընդամենը որոշեց ուժերը խնայել ու սպասել ավելի վճռական ճակատամարտի համար:
Սերժ Սարգսյանը գիտակցում է դա, և ԲՀԿ-ին ուժասպառ անելը, անլրջացնելը հենց այդ վճռորոշ ճակատամարտը իմաստազրկելու տրամաբանության շրջանակում է, առավել ևս, որ այդ ճակատամարտին մասնակցելու հայտ ներկայացրել է նաև Ռոբերտ Քոչարյանը և նրան դիմադրության հնարավոր բոլոր գործիքներից հնարավորինս արագ զրկելը Սերժ Սարգսյանի համար կենսական խնդիր է: