Իրաքի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը քրեականացնում է նույնասեռական հարաբերությունները երկրում, գրել է Reuters-ը։
Փաստաթղթում նշված է, որ օրենքն ուղղված է «հանրությանը բարոյալքումից եւ համասեռամոլության կոչերից պաշտպանելուն»։ Օրինագիծը պաշտպանել են հիմնականում շիա պահպանողական պատգամավորները, որոնք խորհրդարանում մեծամասնություն են կազմում, նշել է գործակալությունը։
Փաստաթուղթը նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում նույնասեռական հարաբերությունների համար, ինչպես նաեւ մինչեւ 7 տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր «քարոզում են համասեռամոլություն կամ մարմնավաճառություն»։ Օրենքը քրեականացնում է տրանսգենդերային անցումը, որի համար նախատեսված է մեկից երեք տարվա բանտարկություն։
Սկզբում օրինագիծը նախատեսում էր մահապատիժ նման հարաբերությունների համար, բայց ավելի ուշ այն լրամշակվեց։ Իրավապաշտպանները նշում են, որ նոր օրենքը խախտում է ԼԳԲՏ-հանրույթի իրավունքները եւ լուրջ հարված հասցնում մարդու հիմնարար իրավունքներին։
Our World in Data պորտալի տվյալներով՝ նույնասեռական հարաբերությունները համարվում են օրինական աշխարհի ավելի քան 130 երկրներում, 60 երկրներում դրանք քրեականացված են։