Վերջին օրերի սահմանային լարվածության համար Ադրբեջանը հայաստանյան կողմից խիստ պատասխան է ստանում: Նրանց նպատակն է սահմանամերձ բնակչությանը և մեր զինվորներին մշտապես սթրեսի տակ պահելը, այդ կերպ մշտական ճնշում են փորձում գործադրել մեր երկրի իշխանությունների վրա որոշակի զիջումների գնալու համար:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նման տեսակետ է հայտնել «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: 

 

Հարցին, թե սահմանային վերջին լարվածությունները հնարավո՞ր են կապված լինել Շանթ «2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները հետ, փորձագետն ասաց.

 

«Ադրբեջանական կողմը լարող է գրգռվել անգամ, օրինակ, ուսումնական տարվա սկզբի առթիվ: Ցանկացած իրադարձությունից հետո նրանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Զորավարժություններ միշտ էլ անցկացվում են, եթե զորավարժություններ չանենք, որպեսզի Ադրբեջանը ինչ որ գործողությունների չդիմի կգա մի օր, երբ հարսանիք նշելն ադրբեջանցիներից կախված կլինի»:

 

Կարեն Վրթանեսյանը նկատում է նաև, որ պատերազմը դեռ չի ավարտվել: 1994 թվականին ընդամենը կնքվել է հրադադարի պայմանագիր: «Պետք է հասկանանք, որ և’ Ադրբեջանը, և’ Հայաստանը իրենց սպառազինությամբ հավասար մակարդակի են: Եթե նրանք մտածեին, որ ինչ որ լուրջ արդյունքի կհասնեն, իրենք պատերազմի կդիմեն, բայց այսօրվա դրությունը, զուտ ռազմական առումով, անիմաստ քայլ է»:

 

Փորձագետը հիշեցնում է, որ մեր տարածաշրջանում լարված իրավիճակը գրեթե ամենուր է, օրինակ Թուրքիայում լարված դրություն է, Վրաստանում վերջին 20 տարում 4 պատերազմ և 1 հեղափություն տեղու ունեցավ: Նկատում է, որ մեր տարածաշրջանում խաղաղ ապրելու միակ պայմանը հզոր բանակ ունենալն է:

 

Հարցին, թե ՀԱՊԿ-ը ինչու՞ չի միջամտում նման դեպքերում, Կարեն Վրթանեսյանն ասաց․

 

«Ես մի հարց տամ, իսկ Հայաստանը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին՝ խնդրելով միջամտել: Ենթադրում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը առայժմ հարկ չի համարում ՀԱՊԿ-ին դիմել, և, իրականում, ռազմական առումով մենք ՀԱՊԿ-ին դիմելու ոչ մի բան չունենք, որովհետև ռազմական առումով մենք մեր խնդիրները հաջողությամբ կատարում ենք, ի՞նչ կարիք կա լրացուցիչ միջնորդ բերել այս պահին: ՀԱՊԿ-ի դերը Ադրբեջանի ռազմական դաշնակից Թուրքիայի ախորժակը զսպելն է»,- ասաց նա։