Աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով Բելառուսի Հանրապետություն ժամանած Հայաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները կազատվեն 30 օր հաշվառման կանգնելու պարտավորությունից: Նույն որոշումը կգործի նաև Բելառուսի քաղաքացիների' ՀՀ ժամանելու դեպքում:
Այդ նպատակով Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև կկնքվի «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրություն: Դրան հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
«Ներկայացված իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության 2013թ. դեկտեմբերի 24-ին հաստատված «ճանապարհային քարտեզի» (այսուհետ' «Ճանապարհային քարտեզ») 231-րդ կետի իրականացման պահանջով: Նշված կետով սահմանվում է, որ ՀՀ և ԲՀ տարածքում միմյանց քաղաքացիների գտնվելու կարգի մասին երկկողմ պայմանագիր կստորագրվի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին ՀՀ միանալուց հետո' Հայաստանի և Բելառուսի միջև համաձայնեցված ժամկետներում:
ԵԱՏՄ մասին պայմանագրի XXVI բաժինը կարգավորում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, այդ թվում' ԵԱՏՄ մի անդամ պետության՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով մյուս անդամ պետության տարածք ժամանած քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների' 30 օր գրանցման (հաշվառման կանգնելու) պարտավորությունից ազատումը:
«Ճանապարհային քարտեզի» 233-235-րդ կետերով նախատեսվում է մի կողմից' Հայաստանի, մյուս կողմից' Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև երկկողմ պայմանագրերի կնքում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների' միմյանց տարածքում գտնվելու կարգի վերաբերյալ: Ի կատարումն 233-րդ կետի' 2014թ. հուլիսի 20-ին համապատասխան համաձայնագիր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, որն ուժի մեջ է մտել 2015թ. մարտի 20-ին:
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի ս.թ. ապրիլի 8-ին ք. Աստանայում կայացած նիստի արձանագրության 4-րդ կետի եզրափակիչ մասի 2.1 ենթակետը' ՀՀ և ԲՀ քաղաքացիների միմյանց տարածքում գտնվելու կարգի իրավական ձևակերպման նպատակով կազմվել է «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագիծը:
Սույն Արձանագրության կնքման արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներից մեկում' միգրացիայի ոլորտում Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության կարևոր նշանակություն ունեցող հարցեր' ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ԲՀ տարածքում գտնվելու, այդ թվում նաև' աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:
Հաշվի առնելով, որ աշխատուժի ազատ տեղաշարժը ապրանքների, կապիտալի և ծառայությունների տեղաշարժի հետ մեկտեղ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության հիմնական նպատակներից մեկը (ԵԱՏՄ մասին պայմանագրի 4-րդ հոդված)' սույն Արձանագրության կնքումը կնպատսի ԵԱՏՄ երկու անդամ պետությունների' ՀՀ և ԲՀ միջև աշխատուժի տեղաշարժի մասով փոխգործակցության խորացմանը և տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը»,-ի փոխանցմամբ' նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Հաշվի առնելով վերոգրյալը' ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում սույն արձանագրության ստորագրումը: