«Կազմակերպություններին և ֆիզինական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդգրկվեց խորհրդարանի նստաշրջանի օրակարգում: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կողմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրինագծի կարգավորման առարկան է հարկային մարմիններում հարկ վճարողների հաշվառման կանգնելու, հաշվառման մարմինը փոփոխելու և հաշվառումից հանելու գործընթացների կարգավորման համապարփակության ապահովումը, հետագա ավտոմատացման համար օրենսդրական հիմքերի ձևավորումը:
«Մասնավորապես նախագծով առաջարկվում է պարզեցնել օրենքի կարգավորման առարկայի և կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին օրենսդրության սահմանումները, հստակեցնել և միասնականացնել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, օպտիմալացնել դրանց կազմը' հանելով այն հասկացությունները, որոնք չեն կիրառվում օրենքի հետագա տեքստում և ավելացնելով նորերը' էլեկտրոնային փաստաթղթեր ու տեղեկատվական համակարգեր օգտագործելու և հարկ վճարողին հաշվառումից հանելու գործընթացների մասով»,-նշեց Միրումյանը:
Օրինագծով նախատեսվում է նաև հստակեցնել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, այդ թվում' նոտարների և արտոնագրային վճարներ վճարողների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների հարկային մարմնում հաշվառման հարցերը, հաշվառման կանգնելու և հաշվառումից հանելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերը և տվյալները: Առաջարկվում է կարգավորել փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու հարցերը, այդ թվում' նախատեսելով էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման ներկայացնելու հնարավորություն և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները, վերացնել հարկ վճարողի պարտականությունը' հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում մինչև հաջորդող ամսվա 20-ը այդ մասին գրավոր տեղյակ պահելու իրենց սպասարկող հարկային մարմնին:
Անդրադառնալով ակնկալվող արդյունքներին՝ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ակնկալվում է, որ օրինագծի ընդունման արդյունքում «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի, հարկային մարմինները կստանան օրենսդրական հիմքեր' հարկ վճարողների հաշվառման կանգնելու էլեկտրոնային եղանակի ներդրման համար: «Նրանք հիմքեր կստանան նաև հարկ վճարողների հաշվառման գործընթացներում էլեկտրոնային եղանակի և տեղեկատվության առցանց փոխանակման կիրառության հետագա ընդլայնման համար»,- նշեց նա:
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից և ներկայացվել է ՀՀ կառավարության սահմանած գործադիր իշխանության հանրապետական իրավասու մարմիններին' բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցությունը գնահատելու նպատակով: Հանրային քննարկման նպատակով օրենքի նախագիծը սահմանաված կարգով հրապարակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական կայքում: