ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկի հայտարարությանը, ով Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիան համեմատել էր «մայդանի» հետ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիան քաղաքական չէր, և այնտեղ «մայդան» տեսնելն անշնորհակալ գործ է:

 

«Բաղրամյան պողոտայի բողոքը չի եղել քաղաքական կուսակցությունների բողոք, եղել է քաղաքացիական հասարակության սոցիալական պայքար իրենց իրավունքների համար: Եվ մենք բազմիցս ասել ենք, որ պետք չէ այդ բողոքը «մայդան»-ի հետ համեմատել, քանի որ այնտեղ պայքարի էին դուրս եկել մեր քաղաքացիները, երիտասարդները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

Շարմազանովը նաև ընդգծեց, որ եթե ՀՀ-ում կա որևէ ակցիա, ապա այնտեղ պետք է ծածանվի հայկական դրոշ: Նա նկատեց, որ իր համար անընդունելի է ակցիաների ընթացքում այլ երկրների և կազմակերպությունների դրոշ ծածանելը: