Մերձավոր Արևելքից փախստականները փորձում են հեռանալ Հունգարիայից` չսպասելով խոստացված ավտոբուսները: Ողջ գիշեր նրանք անցկացրել են հորդառատ անձրևի տակ` Ավստրիայի հետ սահմանին հասնելու համար: Խնդիրը նրանում է, որ արդեն չորս օր անց Բուդապեշտը նոր կանոններ է սահմանելու: Բոլոր ներգաղթյալները կգրանցվեն տեղում, օրինակ, ավտոբուսի կանգառներում: Եվ այդ նորամուծությունները կարող են զրկել նրանց եվրոպական այլ երկրներում հայտնվելու հնարավորությունից: Այժմ ոչ ոք չի օգնում փախստականներին, սակայն նրանք չեն բողոքում, ընդհակառակը, նույնիսկ շնորհակալ են հունգարացիներին այն բանի համար, որ նրանք ոստիկանություն չեն կանչում:
«Այսօր սահմանը հատել է 5 հազար մարդ: Վաղը փախստականներն ավելի շատ կլինեն: Նրանք փորձում են հասցնել մինչև սեպտեմբերի 15-ը: Այդ օրը Հունգարիան կներկայացնի խիստ միջոցներ», - ասել է Բուրգենլենդի ոստիկանապետը:
Ավստրիական իշխանությունները բողոքում են, որ հունգարական կողմը չի տրամադրում նրանց փախստականների մասին որևէ տեղեկություն: Քանի սիրիացի, լիբանանցի և իրաքցի կանցնի սահմանը առաջիկա մի քանի օրերի ընթացքում` պարզ չէ: Հետևաբար, խնդիրներ կարող են ծագել սննդի, հագուստի և վրանների հետ կապված: