Գեղարքունիքի մարզում գետնախնձորի արտադրության ծրագիրը, որը 2012 թվականից նախաձեռնել էր «Գյուղկորպորացիա» ՓԲԸ-ն, վարկային միջոցների անբավարարության պատճառով այս տարի չի ունենա նոր ընդարձակում ու զարգացում:
«Գյուղկորպորացիա» ՓԲԸ տնօրեն Վահան Շիրխանյանի հավաստմամաբ՝ գետնախնձորի արտադրությունն իրենց ընկերությունը սկսել էր Ճամբարակի տարածքից, որտեղ կատարվեց մոտ 200 հեկտար ցանք դեռեւս 2012 թվականի գարնանից: Ընկերությունը ծրագրել էր գետնախնձորի ցանքերը հետագա տարիներին Գեղարքունիքի մարզում հասցնել մոտ 1000 հեկտարի' ընդարձակելով դրանք մարզի մյուս տարածաշրջաններում: Առանձին համայնքներում ընկերությունը նույնիսկ հողեր վարձակալելու մտադրությամբ համապատասխան ուսումնասիրություններ էր կատարել:
Սակայն, ինչպես պարզվեց, Գեղարքունիքի մարզում այդ հույժ կարեւոր ու տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցող մշակաբույսի արտադրությունն առայժմ պարփակվելու է միայն Ճամբարակ քաղաքում 200 հեկտարի շրջանակներում: Ստացված բերքը հանձնվելու է վերամշակող ընկերություններին: