Գեղարքունիքում, մասնավորապես, Վարդենիսի տարածաշրջանում, անցած շաբաթվա վերջերին արդեն մեկնարկել էր գարնանացանը, որն ընդհատվեց տեղումների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի վարիչ Վանիկ Հովհաննիսյանը, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը եւ ցերեկվա ընթացքում դեռ չդադարող թաց ձյունն արդեն վարելահողերին նստած է մոտ 20 սանտիմետր շերտով, ինչի հետեւանքով սկսված գարնանացանը մարզում կընդհատվի առնվազն 10 օրով:
Մոտ 10-15 օրով կհետաձգվի նաեւ անասունների արոտի շրջանը, քանի որ հարթավայրային եւ լեռնային արոտներում եւս առկա է ձնածածկույթ: Սակայն տեղացած ձյունը, ըստ գյուղվարչության պետի, արգասաբեր գյուղատնտեսական տարի է խոստանում թե՜ դաշտավարության, թե՜ անասնապահության համար:
«Տեղացած ձյունը միանգամայն լրացրեց խոնավության այն պաշարի պակասը, որը զգացնել էր տալիս անցած ողջ ձմռան ընթացքում: Սա բնության կողմից մեծ պարգեւ էր մարզի գյուղատնտեսությանը, եւ մենք ակնկալում ենք թե՜ առատ բերքի, թե՜ անասնակերի ու մթերքների արտադրության ավելացման տ արի»,- նշեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան