Հայոց ցեղասպանության ժխտումը թուրքական ինքնության բաղադրիչ է դարձել: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Սիմոնա Զյուսկինդը: «Մենք տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը թուրքական ինքնության բաղադրիչ է դարձել։ Եվ մենք լավ ենք հասկանում, թե ինչքան կարևոր է օգնել Բելգիայի թուրքական համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք դադարեցնեն ժխտողականությունը և շարժվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհով։ Դժվար է մեկ օրում վերականգնել այն, ինչ 100 տարի հերքվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա։

 

Միևնույն ժամանակ նա դրական համարեց այն հանգամանքը, որ Թուրքիայում շատ մտավորականներ սկսել են բարձրաձայն արտահայտել իրենց կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Պատգամավորն այն կարծիքին է, որ Բելգիայի թուրքական համայնքին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում համոզելու հարցում կարևոր է հրավիրել այն թուրք մտավորականներին, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը:

 

Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Էրվե Բուայեն էլ իր հերթին ընդգծեց, որ Բրյուսելի խորհրդարանում շատ են թուրք պատգամավորները և ամեն անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի քննարկումները թեժ բանավեճերի առիթ են դառնում: Միևնույն ժամանակ, նա գոհունակությամբ ընդգծեց, որ Բելգիան արդեն Սենատի և Ներկայացուցիչների պալատի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

Բելգիացի խորհրդարանականները ասուլիսին ներկայացել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներով: