24-ամյա ամերիկուհին ձերբակալվել է' իր երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Ինչպես գրում է The Telegraph-ը, կինը մի քանի օրով իր չորս և վեցամյա որդիներին թողել է Կանզաս Սիթիի արևելքում գտնվող քարանձավում:

 

Իրավապահները երեխաներին պատահմամբ են հայտնաբերել:

 

Ըստ գործակալության, երեխաներն ապրում էին ապրանքների առաքման համար նախատեսված փայտե տուփի մեջ' հիգիենայի բացարձակ բացակայության պայմաններում: Նրանք ունեին միայն մի քանի փոքր վերմակ և սննդամթերքի փոքր պահուստ: Երեխաներից ավագը հայտնել է ոստիկանությանը, որ այս տարի պետք է առաջին դասարան գնար, սակայն այդպես էլ դպրոցում չի հայտնվել:

 

Տղաներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց մայր Բրիթանի Մուգրոն արդեն խոստովանել է, որ նա միայնակ է թողել երեխաներին քարանձավում: Նրան մեղադրանքներ են առաջադրվել: